Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՏԱՎՈՒՇՑԻ ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՏ
15.04.2019
Երևանի «Նորք-Մարաշ» ԲԿ-ում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել տավուշցի երևանաբնակ առաջատար բժիշկների և բուժհաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում ներկայացվել ու քննարկվել է մարզի առողջապահության ոլորտի ռազմավարությունը: Կարևորելով հանդիպումը՝ մարզպետը ընդգծել է, որ այն միտված է լինելու որոշակի հարթակի ստեղծմանը, որը թույլ կտա սերտացնել կապը հանրապետական նշանակության առողջապահական հիմնարկների և Տավուշի բուժհաստատությունների միջև:
«Մենք շատ մեծ մարդկային ռեսուրսի կարիք ունենք, և այս առումով պետք է աշխարհագրություն չլինի: Առողջապահության ոլորտը մեզ համար կարևոր է, քանի որ մենք սահմանամերձ գոտում ենք ապրում: Պետք է այնպես անել, որպեսզի և՛ պատերազմական, և՛ խաղաղ իրավիճակներում ունենանք համապատասխան ռեսուրսներ ժողովրդին բարձր որակի բժշկական ծառայություններ մատուցելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը: Մարզպետը կարևորել է նաև ուշադրությունը հանրային առողջապահության, կանխարգելիչ բժշկության զարգացման վրա: Ներկայացված ծրագրի շրջանակում արվել են հետաքրքիր առաջարկներ կադրային խնդրի լուծման, փոխադարձ այցելություններ կազմակերպելու, ընդհանուր առմամբ, առողջապահության ոլորտը զարգացնելու վերաբերյալ: