Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի օրն այցելեցին Ալիխանյանների ընտանիքին:
03.04.2019
Դիլիջանցի Ալիխանյանների ընտանիքն արդեն 3-րդ տարին է անցկացնում առանց իրենց որդու՝ Վլադիմիր Ալիխանյանի, որ զոհվեց 2016 թվականի ապրիլի 3-ին Ջաբրայիլում: Վլադիմիրը տանկիստ նշանառու-օպերատոր էր:
Այնքան ցավ կար այդ ընտանիքում, բայց միևնույն ժամանակ այնքան բարություն, այնքան հարազատ ու հայեցի էր ամեն ինչ, որ նույնիսկ վիշտն էր հայեցի: Տիկին Աննան՝ Վլադիմիրի մայրը, պատմում էր, որ ավագ որդու կորստից հետո որոշել էր մյուս տղային շուտ ամուսնացնել: Երբ իմացել էր, որ տղայի ընտրյալն արցախցի է, ավելի էր ուրախացել, որովհետև իրենք արդեն Վլադիմիրի միջոցով ընդմիշտ կապված են Արցախին: -Թվում է, թե մեր մի մասն Արցախում է,-ասում է տիկին Աննան: Հիմա արդեն հարս ունեն ու փոքրիկ թոռնիկ, որի ճիչը ստիպում է Ալիխանյաններին ժպտալ արցունքների միջից:
Մարզպետ Հայկ Չոբանյանը զրուցեց ընտանիքի անդամների հետ, իր զորակցությունն ու աջակցությունը հայտնեց նրանց:
-Մեր տղաների հիշատակը վառ պահելու միակ ճանապարհը միասնական ու միմյանց նկատմամբ հոգատար լինելն է,-ասաց մարզպետը: Նա արևշատություն մաղթեց ընտանիքին և հույս հայտնեց, որ այսուհետ կհանդիպեն միայն ուրախ առիթներով:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն աղոթք կարդաց ի հիշատակ Վլադիմիր Ալիխանյանի: