Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

25.03.2019

   Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հերթական հանդիպումը մարզի հասարակական կազմակերպությունների հետ էր: Փաստելով, որ մարզում այդքան էլ շատ չեն հասարակական ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունները, մարզպետը միևնույն ժամանակ ընդգծել է նրանց կարևորությունը՝ նշելով, որ կան ոլորտներ, որոնց կարգավորումը հնարավոր է միայն հասարակական կառույցների միջոցով: Այդպիսի կարևորագույն և հիմնարար ոլորտ է համայնքներում կառավարիչների փոփոխության խնդիրը.
-Այսօր բնակչությունը սպասում է որոշակի փոփոխությունների, այսօր մարդիկ գտնում են, որ իրենց համայնքապետերը, ավագանիների անդամները կամ վարչական ղեկավարները ճիշտ մարդիկ չեն և իրականում չեն ներկայացնում տվյալ համայնքի էլիտան: Գտնում են, որ դա ստացվել է այդպես, որովհետև իրականցվել է նախորդ իշխանության օրոք, երբ այդ էլիտաները ձևավորվում էին ուրիշ հարթակների հիման վրա, հարթակների, որոնք այսօր անհարիր են մեր սկզբունքներին, մեր ռազմավարությանը, մեր մոտեցումներին: Այդ խնդրի լուծումը ես միանշանակ տեսնում եմ առողջ հարթակների ձևավորման մեջ: Այո, եթե անհրաժեշտ է, պետք է լինեն նաև այլ վիրահատական մեթոդներ, բայց համակարգային լուծումը, որը կապահովի երկարաժամկետ զարգացում համայնքի համար, դրանք այն հանրային հարթակներն են, որոնք իրենց շուրջ պետք է համախմբեն հանրային ակտիվ մարդկանց, երիտասարդներին, առողջ ուժերին մշակութային, կրթական, տնտեսական զարգացման և այլ թեմաների շուրջ: Այստեղ միակ ապավինելու տեղը հասարակական կազմակերպություններն են,- նշել է Հայկ Չոբանյանը:
Մարզպետը տեղեկացրել է, որ ուղղակիորեն են աշխատելու հասարակական կազմակերպությունների հետ: ՀԿ-ները, որոշակի առումով նախկինում գոյատևելու համար տեղավորվել են այն ժամանակ գործող կանոնների մեջ, ապա հիմա՝ քանի որ փոխվել են ուղերձները, նրանք նույնպես պիտի վերագործարկեն իրենց գործունեության սկզբունքները՝ հիմնական խնդիրը դնելով արդյունավետության վրա:
Առաջարկվել է հասարակական կազմակերպություններին՝ մասնակից լինել այն ոլորտի զարգացմանը, որն ըստ էության ներկայացնում են իրենք որպես ՀԿ: Նրանք պետք է մասնակից լինեն տվյալ ոլորտի զարգացմանը՝ ռազմավարության մշակումից մինչև ծրագրերի և մոնիտորինգի իրականացում: Սրա համար, իհարկե, պետք է ոչ միայն ցանկություն լինի, այլ ՀԿ-ն պետք է ունենա տվյալ ոլորտում աշխատելու փորձ, ռեսուրսներ, գործիքներ, այսինքն՝ տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու մանդատ և կոմպետենցիա:
-Մենք պատրաստվում ենք հասարակական կազմակերպությունների միջոցով իրականացնել տարբեր ոլորտային ռազմավարությունների ձևավորման աշխատանքների համակարգում: Այդ ճանապարհին մենք պետք է ներգրավենք այդ ոլորտների մասնագետներին, բայց գործընթացի բուն համակարգումը իրականացնելու ենք ձեզ հետ միասին, որպեսզի դա լինի առավելագույնս բաց հարթակ, որպեսզի դա զարգացնի նաև ձեր ներքին կարողությունները: Որովհետև, եթե դուք աշխատում եք դիցուք գյուղատնտեսության ոլորտում և հանձն եք առնում գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակումը, դուք սկսում եք ուժեղացնել ձեր կարողությունները, դուք սկսում եք կապեր ստեղծել այդ ոլորտում առկա կազմակերպությունների և անհատների հետ , դուք սկսում եք կոնցեպտուալ պատկերացնել այդ ոլորտի զարգացումը տարածաշրջանում, և ձեր ծրագրերն ըստ այդմ ոչ թե լինում են լոկալ, դրվագային ծրագրեր, ինչպիսին հիմնականում եղել են մինչև հիմա, այլ դառնում են այդ ռազմավարության անձրևանոցի տակ ծրագրեր: Մեր խնդիրն է, որ օր առաջ այդ գործընթացները սկսենք տարբեր ուղղություններով,- ասել է մարզպետը:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57