Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պետք է ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնց իրականացումը կապահովի տնտեսական էֆեկտիվություն
18.03.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հերթական խորհրդակցությունը Բերդի տարածաշրջանում էր, որին մասնակցում էին համայնքի և տարածաշրջանը ներկայացնող այլ կազմակերպությունների ղեկավարները, բնակավայրերի ներկայացուցիչները: Նպատակը՝ վեր հանել խնդիրները, քննարկել դրանց լուծման մոտեցումները և ամենակարևոր ուղերձը, որ տրվեց մարզպետի կողմից, հետևյալն էր.
-Շատ կարճ ժամկետում պետք է լուծենք մեր բոլոր հիմնական խնդիրները: Իսկ գյուղական բնակավայրերի համար 1 հարցն այս տարի հայտարարվել է ոռոգման խնդիրը, քանի որ այն իր հետևից բերում է լուրջ տնտեսական հետևանքներ:
Ջրամբարների կառուցումն ավելի երկարաժամկետ խնդիր է, պոմպակայններինը՝ կարճաժամկետ: Առաջարկվել է բոլոր գյուղերից 1 ամսվա ընթացքում ներկայացնել պոմպակայանների գործարկման ծրագրերը: Խորհրդակցության ընթացքում մարզպետը համայնքի ղեկավարին և բնակավայրերի վարչական ներկայացուցիչներին հորդորել է պետության կողմից իրականացվող սուբվենցիոն և հրատապ լուծում պահանջող խնդիրների ծրագրերի շրջանակներում առաջարկել այնպիսի ծրագրեր, որոնք իրենց հետևից տնտեսական էֆեկտիվություն կբերեն: Դրանք կարող են լինել ոռոգման համակարգեր, հակակարկտային ցանցեր, անասնապահությանը նպաստող ծրագրեր և այլն: Մարզպետը կարծիք է հայտնել, որ գյուղի համար լուսավորության կամ տրանսպորտի հարցն առաջին խնդիրը չէ, այնինչ բնակավայրերի մեծ մասը սուբվենցիայի շրջանակում նման ծրագրեր է ներկայացրել: Համայնքի անմիջական գործը ենթակառուցվածքների զարգացումն է: