Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
15 ԲԻԶՆԵՍ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ ԵՎ ԿՀԻՄՆՎԻ ԻՋԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
15.03.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/19435_s.jpg)
Երևանի և Իջևանի 50 երիտասարդ հնարավորություն կստանա անվճար մասնակցել 3-ամսյա ձեռնարկատիրական դասընթացների, ստանալ անհատական բիզնես խորհրդատվություն ոլորտի լավագույն խորհրդատուների կողմից, իսկ ամենաիրատեսական բիզնես գաղափարների հեղինակները կստանան դրամաշնորհներ սեփական բիզնեսի հիմնադրման համար:
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության /ԱԶԳ/ համաֆինանսավորմամբ, ,,Բի Էս Սի,, Բիզնեսի աջակցման կենտրոն /BSC/ և ,,ՍՕՍ մանկական գյուղեր,, հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ,,ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում,, տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
BSC-ում նշել են, որ 2018-2019թ.թ. դեկտեմբեր-մարտ ամիսներին ծրագրին մասնակցել է շահառուների առաջին խումբը՝ 14 երիտասարդ Երևանից: BSC-ն աջակցել է մասնակիցներին սեփական բիզնես գաղափարների հղկման, բիզնես մոդելի և բիզնես պլանի մշակման հարցում:
2019թ. մարտի 20-ին, ժամը 10:00-ից, ,,Էլիտ Պլազա,, բիզնես կենտրոնում ծրագրի առաջին փուլի շահառուները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները ընտրական հանձնաժողովին: Համաձայն վերջինիս գնահատման՝ այս փուլով կֆինանսավորվի 5 բիզնես գաղափար:
Անցնցում սերնդափոխություն բիզնեսում
Բիզնես գաղափարները տարբեր ոլորտներից են՝ ՏՏ, հրուշակեղենի արտադրություն, չրերի արտադրություն, հագուստի դիզայն և արդյունաբերություն, միջոցառումների կազմակերպում, ձեռագործ աշխատանքների պատրաստում և այլն: BSC-ը շարունակական աջակցություն կցուցաբերի հիմնադրվող բիզնեսներին ու կմատուցի խորհրդատվություն բիզնեսի գրանցման, կառավարման, մարքետինգի, վաճառքների, ֆինանսական կառավարման հարցերով: Միջոցառմանը ներկա կգտնվեն ներկայացուցիչներ ԵՄ-ից, ծրագրի գործընկեր միջազգային ու հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև մի շարք ձեռնարկատերեր:
2019թ. ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի Իջևան քաղաքում, իսկ 2020-ին կմեկնարկի երրորդ փուլը և կընդգրկի շահառուներ Երևանից: Այս երկու փուլերի արդյունքում կֆինանսավորվի ևս 10 բիզնես գաղափար: Մանրամասների համար կարող եք զանգահարել BSC՝ 077/095 57-47-78: