Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԻՄՓԱՔԹ-ը՝ ինքնադրսևորման լավագույն հարթակ
07.03.2019
«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից Ազատամուտում գործող ԻՄՓԱՔԹ-2 ակումբի նախաձեռնությամբ իրականացվել է «Երազանքի հետքերով» համայնքային ծրագիրը, որին մասնակցել է 9-12 տարեկան 22 երեխա: Ծրագրի շնորհիվ երեխաները հնարավորություն են ունեցել զարգացնել իրենց ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնազարգացման կարողությունները, սովորել սեփական կարողությունների և հմտությունների հիման վրա սահմանել նպատակ, կազմել սեփական գործողությունների պլան, տարբերակել նպատակը երազանքից, լինել նորարար և ակտիվ առօրյա կյանքում: Մինչ բուն ծրագրի իրականացումը, դպրոցում հայտարարվել է շարադրությունների մրցույթ, որի արդյունքում ծրագրում ընդգրկվել են հաջողված աշխատանքներ ներկայացրած երեխաները: Ակումբի անդամներն էլ իրենց հերթին մասնակցել են վերապատրաստման դասընթացի, զարգացրել դասընթաց վարելու կարողությունները: Ծրագրի իրականացման ընթացքում ակումբականները տեսական ու գործնական վարժանքների միջոցով երեխաներին ուսուցանել են, թե ինչպես սահմանել նպատակ, կազմակերպել առօրյան և ինչպես բացահայտել ու կիրառել սեփական ներուժը առաջադիմության և ինքնազարգացման համար: Կազմակերպվել են խաղեր, կատարվել խմբային աշխատանքներ, ֆիլմի դիտում ու քննարկում, իսկ վերջում ծրագրում ընդգրկվածներն ստացել են մասնակցության հավաստագրեր: «Այս երեխաները պարզապես էներգիայի անսպառ աղբյուր են ու գիտելիքի շտեմարան։ Անկաշկանդ խոսքը, նորարարությունը, հետաքրքրասիրությունը բնորոշ են այս երեխաներին: ԻՄՓԱՔԹ ակումբը լավագույն հարթակ է նաև լիարժեք ինքնադրսևորվելու համար»,- ասում է ակումբի առաջնորդ Սյուզաննա Միրզոյանը: « ԻՄՓԱՔԹ ակումբի ծրագրի շնորհիվ մենք իմացանք, թե ինչ է ինքնազարգացումը, դրա փուլերը, խմբային աշխատանքներով ամրապնդեցինք մեր գիտելիքները: Այս ամենից հետևություն արինք, որ մեզանից յուրաքանչուրը պետք է ունենա նպատակներ և ձգտի, որպեսզի դրանք իրականանան»,-հավելում է ակումբի անդամ 15-ամյա Սուսաննան։