Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
04.03.2019
armlur.am լրատվական կայքում մարտի 2-ին ,,Վազաշենից Բերդ տանող ավտոճանապարհը` քանդման վտանգի տակ. սողանքը կարող է զոհերի պատճառ դառնալ,, վերնագրով հրապարակում էր եղել /հեղ. Ոսկան Սարգսյան/, որտեղ նկարագրված է, որ դեպի Բերդ տանող ավտոճանապարհի Վազաշեն գյուղի տարածքում մի հատված սողանքի պատճառով քանդման վտանգի տակ է: Նշվում էր, որ եթե գարունը տեղումնառատ լինի, ապա ճանապարհի այդ հատվածն ավելի վտանգավոր կդառնա:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետները եղել են տեղում և ուսումնասիրել տեղանքը: Ըստ ներկայացված եզրակացության, այս պահին չկա այնպիսի սողանքային երևույթ, որը կարող է վտանգել ճանապարհը կամ դառնալ քանդման պատճառ: Կան նստվածքային երևույթներ, որոնք հավանաբար առաջացել են շրջանցիկ ճանապարհը հողային շերտի վրա դնելու հետևանքով:
Որպես լուծում առաջարկվել է, ՀՀ տրանսպոտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցնելով, սպասարկող կազմակերպությունների պահպանության ծախսերից առաջացած որոշակի տնտեսումներ ուղղել խնդրի լուծմանը՝ վերանորոգելով վերոնշյալ ալիքաձև նստվածքային հատվածները: