Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

31 կայուն աշխատատեղ՝ ԵՄ ու IDeA համատեղ ծրագրով

25.02.2019

 Եվրոպական միության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով Տավուշի մարզում ստեղծվել է 31 կայուն աշխատատեղ։
 Եվրամիության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը 2018 թ․ հուլիսին հայտարարել էր փոքր դրամաշնորհների մրցույթ զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու արհեստի ոլորտներում աշխատող անհատների ու ձեռնարկությունների համար: Դրամաշնորհ է տրամադրվել Դիլիջան, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Թեղուտ համայնքների 8 փոքր և միջին ձեռնարկությունների, որոնք հանձնառություն են ստանձնել այս համայնքների բնակիչների համար աշխատատեղեր ստեղծել: Ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանի փոխանցմամբ, նախապատվությունը տրվել է այն ՓՄՁ-ներին, որոնք առաջարկել են միևնույն հաստիքի համար ավելի բարձր աշխատավարձ և առավել բարենպաստ պայմաններ, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել աշխատանքի ընդունել նույն ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների խոստումնալից մասնակիցներին: Ծրագրի նպատակներից է Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացումը, ինչպես նաև արտագաղթի նվազեցումը: Մասնագիտությամբ տնտեսագետ Ալեքսան Ներսիսյանը, ով ծրագրի շահառուներից է, գրանցվել է հյուրատնային բիզնեսի կառավարման, մարքեթինգի և անգլերենի դասընթացներին։ Ավելի ուշ հայտ է ներկայացրել նաև փոքր դրամաշնորհի համար, որի օգնությամբ վերանորոգել է Աղավնավանքում իր հիմնած ավանդական հյուրընկալության կենտրոնի տանիքը, կատարել շենքի ներքին հարդարման աշխատանքներ, նորոգել սանհանգույցը, կենտրոնի համար գնել կահույք ու տեխնիկա։ Կենտրոնի բացումից հետո Ալեքսանն աշխատանքի է ընդունել երկու տեղացիների։ Եթե կենտրոնը հաջողությամբ աշխատի ու ընդլայնվի, երիտասարդ ձեռներեցը հույս ունի ավելացնել աշխատատեղերի թիվը։ Իսկ Դիլիջանի բնակիչ Արտակ Բոջիկյանը ծրագրի դրամաշնորհով ընդլայնել է քաղաքում իր հիմնած քարերի մշակման արտադրամասը, աշխատանքի ընդունել տեղացի մասնագետների ու ձեռք բերել արտադրամասի համար անհրաժեշտ նոր սարքավորումներ ու կահույք։ Ձեռներեցը վստահ է, որ Դիլիջան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացումը խոստումնալից է նաև իր արտադրամասի համար, քանի որ բնական քարերից պատրաստված հուշանվերները պահանջարկ են վայելում Դիլիջան այցելող հյուրերի շրջանում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16