Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Այս ծրագրի մեկնարկով Տավուշի մարզում դրվում է Տեխնոլոգիական շարժման սկիզբը>>,- Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան
22.02.2019
Փետրվարի 22-ին Տավուշի մարզպետարանում եռակողմ հուշագիր է ստորագրվել Տավուշի մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Հայկ Չոբանյանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ ի դեմս տնօրեն Արտակ Ցուցուլյանի, միջև: Հաշվի առնելով Տավուշի մարզում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նպատակով միմյանց հետ համագործակցելու պատրաստակամությունը, կողմերը համաձայնության են եկել համատեղ գործունեության շրջանակներում միավորել իրենց ջանքերը՝ նպաստելու Տավուշի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացին: Հուշագրով ազդարարվել է նաև Իջևան քաղաքում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրի մեկնարկը: Այն իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրենից ենթադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական դասընթացների անցկացում, Տավուշի մարզի երիտասարդներին, դպրոցների աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցության ցուցաբերում, այդ թվում՝ բաց դասերի, դասախոսությունների և սեմինարների կազմակերպման միջոցով, Իջևան քաղաքում տեխնոլոգիական ուղղվածությամբ միջոցառումների կազմակերպում, «Ինֆորմատիկա» առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական վերապատրաստում, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ձեռներեցներին աջակցության ցուցաբերում, սկսնակ բիզնեսի զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում, համագործակցություն Տավուշի մարզի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների և կենտրոնների հետ, այդ թվում՝ կադրերի համալրման գործում աջակցության միջոցով։