Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ
14.02.2019
-Մեր նպատակը համայնքների և համայնքային ծառայության ուժեղացումն է, սա համար 1 խնդիրն է, որին հետևելու ենք ցանկացած գործողության, ծրագրի իրականացման ընթացքում: Եվ այդ ուժեղացման գործընթացի մեջ շատ կարևոր դեր պիտի խաղա ավագանիների ինստիտուտի հզորացումը և այդ ինստիտուտի գործնական կայացումը, - սա առաջին սկզբունքն էր, որ ներկայացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզի համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների հետ հանդիպմանը: Շարունակելով շարադրել համայնքների հետ համագործակցության և նրանց հետագա գործունեության հիմքում ընկած մոտեցումները, մարզպետն ընդգծել է, որ այսուհետ գնահատականները լինելու են ոչ թե վիճակագարական տվյալների հիման վրա, այլև՝ գործնական, որակական ցուցանիշների: Հաշվի են առնվելու համայնքի տնտեսական ակտիվության ցուցանիշը, համայնքի սեփական եկամուտների կատարողականի ոչ թե պլանային ապահովումը, այլ նախորդ տարիների համեմատությամբ, համայնքում ժողովրդագրական ցուցանիշների փոփոխությունները, համայնքում կրթական, մշակութային գործընթացի կազմակերպման որակական ցուցանիշները: Ելնելով այս գնահատականներից էլ, կատարվելու են բոլոր գործողությունները կապված սուբվենցիոն, բարեգործական և այլ ներդրումային ծրագրերի ներգրավման ուղղությամբ:
Մարզպետարանն այսուհետ պիտի զբաղվի մարզում գյուղատնտեսության իրական զարգացմամբ
Մարզպետը ներկայացրել է նաև իր տեսլականը կապված գյուղատնտեսության զարգացման, սուբվենցիոն և պետական աջակցության այլ ծրագրերի իրականացման մեխանիզմների հետ: Գյուղատնտեսությունը Տավուշի մարզի տնտեսության կարևոր բաղադրիչն է, ոլորտի զարգացման համար պետք է անել ամեն հնարավորը, մարզպետը նշել է, որ արդեն կան ագրարային համալսարանի հետ համագործակցության, հատուկ խորհրդատվական հաղորդաշար կազմակերպելու ծրագրեր և ամեն ինչ պտի արվի, որպեսզի գյուղացին մենակ չմնա: Իսկ մարզպետարանն այսուհետ պիտի զբաղվի մարզում գյուղատնտեսության իրական զարգացմամբ:
Քաղաքաշինական նորմերը՝ համայնքային կառավարման մեջ
Կարևորագույն հարցերից մեկը, որին անդրադարձել է մարզպետ Հայկ Չոբանյանը, քաղաքաշինական նորմերի պահպանումն է, նա նշել է, որ անօրինական շինությունների պատճառով աղավաղվել են մեր բնակավայրերը: Պիտի խիստ ուշադրություն դարձնել այս խնդրին և ապահովել բնակավայրերի համար այնպիսի տեսք՝ որը կհամապատասխանի քաղաքաշինական չափանիշներին, ճաշակ կունենա, տձև չի լինի: Արդեն մեկնարկել է Ենոքավանի գլխավոր հատակգծի մշակման աշխատանքը, որը մարզպետի խոսքով օրինակելի կդառնա նաև մյուս համայնքների համար: Իսկ ինչ վերաբերում է այսուհետ իրականացվող ծրագրերին, ապա դրանք պետք է լինեն միայն նորմերին խիստ համապատասխան: