Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ Չեխիայի Հրադեց Կրալովե նահանգում կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու համար
12.02.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում մարզում տուրիզմի ոլորտում գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է մարտի 7 -ից 9-ը Չեխիայի Հրադեց Կրալովե նահանգում կայանալիք INFOTOUR & CYKLOTURISTIKA ցուցահանդեսին Տավուշի մարզի պատվիրակության մասնակցության հարցը: Մինչ մասնակցության ձևաչափի ու բովանդակության քննարկումը, մարզպետ Հայկ Չոբանյանը որոշակի նկատառումներ է հայտնել՝ նշելով, որ իր թիվ 1 գործընկերը գործարարն է և իրեն պաշտոնապես հայտարարել է մարզի բիզնես-օմբուդսմեն.
-Մեր պարտքն է լինելու շատ արագ լուծել Ձեր ցանկացած բնույթի խնդիր, իսկ այն հարցերը, որոնք կապված կլինեն պետական մարմինների հետ, շատ դեպքերում կլուծենք առանց ձեր մասնակցության: Առաջիկայում կլինի ընդլայնված հանդիպում գործարարների հետ, և մենք այս թեմաներն ամբողջությամբ կքննարկենք, -տեղեկացրել է մարզպետ Հայկ Չոբանյանը:
Երկու մարզերի միջև դեռևս 2015 թվականին համագործակցության պայմանագիր է կնքվել, որտեղ շփման ուղղություններից մեկը նշվել է հենց տուրիզմը: Ցուցահանդեսին մասնակցությունը առիթ է մարզի այդ ոլորտը գովազդելու համար, որին հավուր պատշաճի ներկայանալու և նախատեսված 2 օրվա ընթացքում Տավուշի մարզում ամենահաջողված ուղղությունները ցուցադրելու նպատակով, հանդիպման ընթացքում քննարկվել են մասնակցության ձևաչափն ու բովանդակությունը: Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կիրականացնեն կազմակերպչական տարբեր աշխատանքներ:
Մարզպետն ընդգծել է, որ սա նաև որոշակի ձևաչափ ստեղծելու լավ առիթ է, կձևավորվի հարթակ, որտեղ և ինքներս կշփվենք, և կբրենդավորենք մեզ, արդյունքում՝ հետագայում նմանատիպ միջոցառումներին մասնակցելն առավել հեշտ կլինի: