Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախկին իշխանությունների հետ անհամաձայնություններ շատ են եղել. նորանշանակ մարզպետը` ՀՀԿ-ի օրոք աշխատելու մասին

11.02.2019

  «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանի հետ

 


  -Պարո՛ն Չոբանյան, ինչպե՞ս ստացաք մարզպետ նշանակվելու առաջարկը: Սսպասելի՞ էր:  

  -Առաջարկը ստացել եմ ղեկավարությունից: Ինձ համար սպասելի էր այն առումով, որ, գիտեք, ես «Իմ քայլի» պատգամավորի թեկնածու եմ եղել: Այդ նախընտրական արշավի ժամանակ, ըստ էության, իմ եւ ժողովրդի միջեւ ներքին փոխադարձ ցակություն ստեղծվեց, եւ տարբեր տեղերից հարցնում էին` իսկ հնարավո՞ր է, որ մեր մարզպետը դառնաք: Երբ որ արդեն ընտրությունները ավարատվեցին, եւ պարոն Ղալումյանը թողեց իր պաշտոնը, ինձ առաջարկ եղավ Տավուշի մարզպետ գալու, եւ ես մեծ հաճույքով ընդունեցի այդ առաջարկը: Շատ ուրախ եմ, որ այն քննարկումները, հույսը, հավատը, որը ձեւավորվել է իմ այցելությունների ընթացքում, հիմա ես հնարավորություն ունեմ իրականություն դարձնելու: 

 -Արդեն պատկերացում ունե՞ք, թե իրենից ինչ է ենթադրում մարզպետի աշխատանքը: Որպես ծնունդով տավուշցի` վստահաբար Ձեզ համար խնդիրներ առանձնացրած կլինեք: Հիմա, երբ գտնվում եք բարիկադների մյուս կողմում, կարո՞ղ եք այդ խնդիրները ամբողջությամբ լուծել:

 -Իրականում այն խնդիրները, որոնք հիմա ես ինձ համար վերաձեւակերպում եմ, դրանք գրեթե չեն տարբերվում այն ձեւակերպումներից, որոնք որ ես ունեի մինչեւ մարզպետ դառնալը: Այդ խնդիրները բոլորը լուծելի են: Ես համոզված եմ, որ մեր գրանցած արդյունքները էապես գերազանցելու են այն արդյունքներին, որոնք դրված են եղել Տավուշի զարգացման վերջին ռազմավարական ծրագրով, եւ դրանով իսկ մենք կարձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք դարձրել այն աշխատանքը, որը նախկինում է եղել:

 -Տավուշի կարեւորագույն խնդիրներից մեկն այն է, որ մարզը դատարկվում է: Արդեն կա՞ տեսլական` ինչ եք անելու այս խնդրի լուծմանը հասնելու համար:

  -Ժողովրդագրական խնդիրը մի քանի կոմպոնենտ ունի: Առաջինը տնտեսական է: Այն վերաբերում է աշխատատեղերին եւ մարդկանց աշխատանքային կարողությունների առավելագույն ռեալիզացիային, որովհետեւ դա ոչ միայն վերաբվերում է նոր աշխատատեղեր ստեղծելուն, այլ նաեւ վերաբերում է գոյություն ունեցող աշխատանքներին, որովհետեւ այնպես չէ, որ բոլոր նրանք, որոնք աշխատում են ինչ-որ տեղում, գոհ են իրենց աշխատանքից: Հաջորդ կոմպոնենտը կրթական է, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր խնդիրը ոչ միայն գործազրկությունն է, այլեւ որակյալ աշխատուժի առկայությունը: Ես կարծում եմ, որ իմ փորձառությունը բավարար է, որ ես կոնսոլիդացնեմ լավագույն ուժերը հանրապետությունում, եւ մենք կունենանք զգալի արդյունքներ կարճ ժամանակ հետո: Հաջորդ բաղադրիչը մարդկանց պլաններ են` կապված ապագայի հետ: Պետք է ասեմ, որ մենք ունենք դրական շրջադարձ: Հեղափոխությունից հետո մարդիկ շատ ոգեւորված են:

 -Ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը` տեսանք, որ աշխատել ենք նախկին իշխանությունների օրոք, ընդ որում` ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, ե՛ւ Սերժ Սարգսյանի: Ի՞նչ դժվարություններ են առաջացել այդ տարիներին: Ի վերջո, ո՞րն է Ձեր «երկարակեցության» գաղտնիքը:

-Իրականում ես բոլոր ժամանակներում պրոֆեսիոնալ աշխատանք եմ իրականացրել եւ հպարտանում եմ իմ կենսագրության բոլոր էտապներով` ե՛ւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում իմ աշխատանքով, ե՛ւ թվային Հայաստանի կառուցման մեջ իմ աշխատանքով, ե՛ւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում աշխատանքով, ե՛ւ 2012-ից սկսած արեւային էներգետիկայի ոլորտում իմ աշխատանքով: Ես կարծում եմ` դրանք միանշանակ օգտակար են այս աշխատանքների իրականացման համար: Իսկ իմ «երկարակեցության» գաղտնիքը պրոֆեսիոնալ աշխատանքն է, բարձր արդյունավետությունն է աշխատանքում եւ սկզբունքայնությունը: Ես ամբողջ ընթացքում, լինելով հանրային ակտիվ անձնավորություն բոլոր իմ կյանքի էտապներում, երբեք կուսակցականությամբ չեմ տառապել եւ նախկին իշխանությունների հետ այդ առումով ճանապարհ չեմ անցել: Դա է եղել պատճառը, որ 2012 թվականին ես մի քիչ նաեւ հոգնած հեռացել եմ պետական համակարգից եւ առ այսօր աշխատել եմ մասնավոր ոլորտում: Հիմա հաճույքով եմ միացել, որովհետու այն սկզբունքները, որոնք որ ընկած են նոր Հայաստանի կառավարության հիմքում, դրանք այն սկզբունքներն են, որոնցով ես ապրել եմ բոլոր նախորդող տարիներին` նախորդ իշխանությունների ժամանակ նույնիսկ:

 -Ասացիք, որ ինչ-որ շրջանում հոգնած եք եղել պետական համակարգից: Դա պայմանավորված է եղել նախկին իշխանությունների հետ անհամաձայնություններո՞վ:

-Անշուշտ: Անհամաձայնություններ շատ են եղել, անարդարություններ շատ են եղել, եւ այդ հոգնածությունը եղել է դրա արդյունքում:

   armlur.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05