Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզխորհրդի նիստում

26.12.2018

Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի 2018 թվականի  վերջին նիստը, որը վարել է մարզպետ Վահե Ղալումյանը: Բացի մարզխորհրդի անդամներից նիստին մասնակցել են նաև մարզի դպրոցների, առողջապահական հաստատությունների տնօրենները, քննարկվող հարցերի հետ առնչվող շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Օրակարգում նախատեսված էր 3 հարց: Մինչ դրանց քննարկմանը անցնելը, մարզպետ Վահե Ղալումյանը ողջունել է բոլոր մասնակիցներին և շնորհավորել նրանց ազատ, արդար, օրենքի պահանջներին համապատասխան ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման կապակցությամբ:
Օրակարգով նախատեսված 1-ին հարցը, որ վերաբերում էր համայնքների սեփական եկամուտների կատարմանը, ներկայացրել է ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Մելքումյանը:
Նա տեղեկացրել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների փաստացի մուտքը կազմել է 999.4 մլն. դրամ նախատեսված 1050.0 մլն. դրամի դիմաց, կամ կատարվել է 95.2 %-ով: 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները ավել են հավաքագրվել 112.3 մլն. դրամով կամ 11.3 %-ով: Հողի հարկի մասով ցածր կատարողական ունեցող համայնքներն են` Լուսահովիտ 46.9%, Կողբ 53.7%, Ենոքավան 57.5%, Խաշթառակ 70.3%, Լուսաձոր 72.0%: Բարձր կատարողական ունեն Բերդ 108.3%, Այրում 107.0%, Դիլիջան 106.5%, Դիտավան 101.6% համայնքները:
Գույքահարկի մասով ցածր կատարողական ունեն հետևյալ համայնքները` Գետահովիտ 73.2%, Լուսաձոր 77.3%, Խաշթառակ 82.6%, Կիրանց 83.2%: Բարձր կատարողական ունեն Լուսահովիտ 113.1%, Բերդ 106.4%, Ականաղբյուր 104.7% համայնքները:
Տեղական տուրքերի մասով ցածր կատարողական ունեն հետևյալ համայնքները` Կիրանց 31.0%, Ենոքավան 54.0%, Ազատամուտ 60.9%, Աչաջուր 66.2%, Կողբ 67.3%, Դիլիջան 82.5%: Բարձր կատարողական ունեն Այրում 137.7%, Բերդ 132.9%, Գանձաքար 106.5% համայնքները:
Տեղական վճարների մասով ցածր կատարողական ունեն հետևյալ համայնքները` Ենոքավան 20.2%, Լուսաձոր 70.7%, Խաշթառակ 73.0%, Գետահովիտ 81.5%: Բարձր կատարողական ունեն Բերդ, Աչաջուր, Գանձաքար, Դիտավան համայնքները:
  Ամփոփելով հարցի քննարկումը, մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ շնորհավորում է սեփական եկամուտների բարձր կատարողական ապահոված համայնքների բնակիչներին, քանի որ նրանք ճիշտ համայնքապետ են ընտրել: Եվս մեկ անգամ տեղեկացրել է, որ այսուհետ ՀՀ կառավարությունը սուբվենցիոն կամ հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով համագործակցելու է միայն բարձր կատարողական ապահոված համայնքների հետ:

  Մարզխորհրդի նիստի օրակարգի 2-րդ հարցը, մարզում 2018թ. գյուղատնտեսական մթերքների արտադրության, մթերման և աշնանացանի արդյունքների ամփոփումն էր, որը ներկայացրել է գյուղատնտըեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Նա տեղեկացրել է, որ 18377.7 հա փաստացի վարելահողից 2018թ. ցանքի տակ է դրվել 7503 հա: 2018թ.արտադրվել է .հացահատիկ, հատիկաընդեղեն – 10586 տոննա, բանջարեղեն – 5914 տոննա, բոստան – 782 տոննա,կարտոֆիլ – 13623 տոննա, պտուղ – 9206 տոննա, խաղող – 9914 տոննա, ծխախոտ – 430 տոննա, արևածաղիկ – 303 տոննա, խոտ – 51142 տոննա,ծղոտ – 629 տոննա: Ժամանակին և անկորուստ կատարվել է խաղողի բերքահավաքը: Արտադրված 9914 տոննայից մթերվել է 5736 տոննան /2017թ. 9804 տոննայից՝5106 տոննա/:
ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042-Ն որոշման համաձայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական աջակցություն ստացող 22 սահմանամերձ բնակավայրերի շուրջ 2100 գյուղատնտեսական հողօգտագործողներին՝ փաստացի ցանված 2562 հա աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար որպես պետական աջակցություն հատկացվել է 153 մլն. 720000 դրամ։

2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1405 –Ն որոշման համաձայն մարզի 8 բնակավայրերի 2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 տոկոսով տուժած 707.8 հա հողատարածքների համար 552 գյուղատնտեսական հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման համար հատկացվել է 21մլն.604000 դրամ:
Ամփոփելով գյուղատնտեսական տարվա վերաբերյալ հարցը, մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ ներկայացված թվերը բոլորը իրական են, որևէ ուռճացված թիվ չկա: Մեր կառավարությունը խնդիր է դրել ռեալ աճ ապահովել և մենք ապահովել ենք, իհարկե ցանկալի արդյունքից դեռևս հեռու ենք, բայց պիտի շարունակենք աշխատանք տանել և մշտապես գյուղացու կողքին լինել ու նրան աջակցել՝ չսահմանափակվելով միայն սուբսիդավորման գործընթացով,-ընդգծել է Վահե Ղալումյանը: Մարզպետը նաև հորդորել է համայնքների ղեկավարներին աշխատանք տանել բնակչության հետ, որպեսզի նրանք հողի սեփականության վկայականները հանեն, այլապես կզրկվեն առաջիկայում սուբսիդավորմանը մասնակցելու իրավունքից:
Մարզխորհրդի նիստի 3-րդ հարցը ՀՀ Տավուշի մարզի ռազմավարության 2018թ. տարեկան աշխատանքային պլանով իրականացված մոնիթորինգի և գնահատման կիսամյակային հաշվետվության մասին էր, որը ներկայացրել է ՀՀ Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը:

  Ամփոփելով մարզխորհրդի նիստը, մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել բոլորին 7 ամսվա համատեղ աշխատանքի համար: Նա նշել է որ այն բոլոր խնդիրները, որ նախատեսել էին տվյալ ժամանակահատվածի համար, հիմնականում լուծվել են.
-Մեր թերությունները նույնպես ես կարող եմ նշել, բաց ենք թողել Զորականի դպրոցի հետ կապված հարցը տեխնիկական պատճառներով, Չորաթանի տեքստիլի ճանապարհը և մեկ ջրամբարի վերանորոգման փոքր աշխատանք՝ նույնպես տեխնիկական պատճառներով: Ես խոստանում եմ, որ 2019 թվականի հենց 1-ին եռամսյակում մենք այս հարցերը կկարողանանք լուծել, դրանք ընդգրկված են ՀՀ կառավարության 1-ին նիստի օրակարգում: Մենք 2018 թվականի վերջում կարողացել ենք 637 մլն դրամ ընդհանուր ծավալով հրատապ ծրագրերի նախագծեր ներկայացնել, թվով 30 նախագիծ, որոնց մի մասն արդեն ավարտվել է մյուսներն ընթացքի մեջ են, իսկ մի հատվածի մրցույթներն էլ դեռ նոր պիտի կայանան: Շատ կարևոր ձեռքբերում եմ համարում աշնանացանի սուբսիդավորումը, որին հաջորդ տարի նույնպես պետք է զարկ տանք՝ համատեղ աշխատանքի միջոցով: Գալիք տարում մեր մարզում բնապահպանական մեծ ծրագրեր են սպասվում: 1 ամիս առաջ Թեղուտ և Հաղարծին գյուղերում իրականացրել ենք 140 000 դոլարի գրանտային ծրագիր: Նմանատիպ ծրագրեր ունենալու ենք և Իջևանի, և Սևքարի և Նոյեմբերյանի և Բերդի անտառտնտեսությունների հարակից համայնքների համար:
Ձեր կողմից շատ հարցեր են առաջ քաշվել, որոնք բոլորն ուսումնասիրվել են և ներկայացվել ՀՀ կառավարությանը, մասնավորապես բնակիչների հետ կապված որևէ ֆինանսական խնդրի չենք կարողացել անդրադառնալ, քանի որ բյուջեում նման նախատեսումներ չեն եղել, 2019 թվականին, համոզված եմ, այդ հարցում էլ առաջխաղացում կունենանք,- ասել է Վահե Ղալումյանը:
Մարզպետը նաև բոլորին շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել ընտանեկան և աշխատանքային հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57