Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցությունը նվիրված էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին

06.12.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: Խորհրդակցությունը բացեց մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը, ում առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը: Այնուհետև ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վահան Փիրումյանը հանդես եկավ ,,Սպիտակի երկրաշարժի դասերը,, թեմայով զեկույցով, որում, զուգահեռաբար ֆոտոշարքի ցուցադրությամբ, անդրադարձ եղավ հայ ժողովրդին պատուհասած մեծ արհավիրքի պատճառած ավերածություններին, մարդկային զոհերին ու վնասներին: Երկրաշարժին զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, 500 հազարը մնաց անօթևան: Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը, շուրջ 8 միլիոն քմ բնակելի տարածություն: Ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղերով: Աղետի գոտում հայտնվեց 970 հազար մարդ: Վտանգի պատճառով դադարեցվեց ատոմակայանի գործունեությունը: Սակայն, ինչպես նշեց զեկուցողը, Հայաստանը մենակ չէր իր վշտի հետ: Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ, հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ ու բժիկներ: Հայոց մեծ վշտին անմասն չմնացին նաև սփյուռքահայ մեր հայրենակիցները: Երկրաշարժի դառը փորձը ցույց տվեց, որ հարկավոր է ճիշտ հետևություններ անել և իրականացնել նպատակաուղղված ամենօրյա աշխատանք: Նշվեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո զարգացած երկրներն ու միջազգային կառույցները սկսեցին մշակել տարբեր մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Իսկ Հայաստանում 1991 թվականին ստեղծվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, այնուհետև՝ արտակարգ իրավիճակների վարչությունը, որոնք էլ հետագայում վերաճեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության: Այսօր ոլորտում լուրջ ձեռքբերումներ են 911 ծառայությունը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը և կենտրոնները մարզերում: Ակնառու են ձեռքբերումները սեյսմիկ, հիդրոմետ ծառայությունների ոլորտներում, զգալի աշխատանք է կատարվել հակակարկտային ծառայության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաև Տավուշի ՄՓՎ Իջևանի ՀՓՋ-ի և Իջևանի ԲԿ-ի հենքի վրա 2015 թվականին կազմավորված Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմի դրական աշխատանքին, որը հանդիսանում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող որոնողափրկարարական խմբերից մեկը: Վահան Փիրումյանի զեկույցից հետո համակարգի վետերաններ Մարտիկ Գիշյանը և Ռոման Չիբուխչյանը, ովքեր 1988-ին անմիջական մասնակցություն են ունեցել աղետի գոտում իրականացվող փրկարարական աշխատանքներին, այն օրերի ծանր հիշողություններով կիսվեցին ներկաների հետ: Երկրաշարժի օրերից դրվագներ հիշեց նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը: Այնուհետև ցուցադրվեց ,,Դժոխք. Սպիտակ,, վավերագրական ֆիլմը: Սպիտակի երկրաշարժին ունեցած անմիջական մասնակցության համար համակարգի վետերաններ Մարտիկ Գիշյանը, Ռոման Չիբուխչյանը, Էդիկ Խաչիկյանը և Կարեն Մխիթարյանը պարգևատրվեցին Տավուշի մարզպետի շնորհակալագրերով: Խորհրդակցությունը եզրափակվեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոգեհանգստյան աղոթքով՝ ի հիշատակ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի նահատակների:
  Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր մարզկենտրոն Իջևանի Շատրվանների հրապարակում կազմակերպվել էր նաև փրկարարական գույքի, տեխնիկայի և միջոցների ցուցադրություն, որին ծանոթացան մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը, Սամվել Ռուբենյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ իջևանցիներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:38:08