Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել
03.12.2018
Այսօր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Տավուշի մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն, որին հրավիրվել էին ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Տավուշի մարզից առաջադրված պատգամավորության թեկնածուները, նրանց նախընտրական շտաբների ներկայացուցիչները: Խորհրդակցությանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Սամվել Ռուբենյանը և մարզը սպասարկող ոստիկանության ծառայողները:
Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրությունները համատեղ ուժերով կանցկացվեն օրենքի պահանջներին համապատասխան, միաժամանակ տեղեկացրեց, որ ոստիկանության համակարգն ամբողջովին տիրապետում է իրավիճակին: Նա զուգահեռներ անցկացրեց սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների և սպասվելիք ընտրությունների միջև՝ շեշտելով, որ արդեն փորձն ունեն, և ինչպես այն ժամանակ, այս ընտրություններին նույնպես արձագանքելու են յուրաքանչյուր ահազանգի, յուրաքանչյուր ապօրինության: Նա ընդգծեց, որ անհնարին է լինելու այլ ճանապարհներով ձայներ ստանալ, ոստիկանությունն ամբողջովին պատրաստ է կանխելու նման ցանկացած փորձ: Եվ որևէ մեկը չի կարող քաղաքացուն ստիպել գնալ ընտրության կամ քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Դա միայն քաղաքացու կամքն է:
Վալերիյ Օսիպյանը ոստիկանության ծառայողներին նաև ներկայացրեց իր պահանջները որպես ոստիկանապետ՝ նշելով, որ ոստիկանները հատկապես ընտրությունների օրը պետք է շատ խիստ լինեն իրենց պարտականությունների կատարման մեջ: Ոստիկանության պետը տեղեկացրեց, որ թերացումների դեպքում խստագույնս պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները: