Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը

03.12.2018

  ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի ընթացքում նրան ուղեկցել են մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը, փոխնախարար Արտակ Քամալյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեորգի Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:
  Այցի առաջին կանգառը Ներքին Կարմիրաղբյուր համայնքում էր, որտեղ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գեղամ Գևորգյանը համառոտ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը: Նա նաև տեղեկացրել է, որ նախօրեին կառավարության նիստում կայացված որոշմամբ պետությունը մասնակիորեն կփոխհատուցի 2018 թվականին մի շարք մարզերում, այդ թվում` Տավուշում տարերային աղետների հետևանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասները:
  Աչաջուր համայնքում Գեղամ Գևորգյանը եղել է «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում վերջերս բացված Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնում, ինչպես նաև սպասարկման կենտրոնին կից գործող Գինեգործական փորձացուցադրական արտադրամասում, որը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակներում: Այս երկու նորաբաց կենտրոնների ստեղծման հիմնական նպատակն է նպաստել մարզում խաղողագործության, գինեգործության և տուրիզմի զարգացմանը։ Կենտրոնի մենեջեր Ռոման Թամրազյանը նշել է, որ այս տարի Այգեհովիտ համայնքի այգիների աճեցված խաղողի նոր սորտերից պատրաստվում են ստանալ սպիտակ և կարմիր բարձրորակ գինիներ: Կենտրոնն ունի նաև համտեսի սրահ, որտեղ հյուրերը կարող են համտեսել տեղական գինին և հաղորդակից դառնալ հայկական գինեգործության հնագույն ավանդույթներին:
  Աչաջուր համայնքում Գեղամ Գևորգյանը ծանոթացել է նաև «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» և «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրերի շրջանակում վերջերս մեկնարկած «Գինու բակ» նախագծին, որը միտված է զարգացնել տնական գինու զբոսաշրջությունը:
Ծրագրի շահառուներից գինեգործ Ստեփան Դավթյանը, որը 4 հազար քմ խաղողի այգի ունի և զբաղվում է սպիտակ գինու արտադրությամբ, նշել է, որ իր գինեգործական արտադրանքն իրացվում է տեղում, առաջիկայում նախատեսում են ավելացնել արտադրության ծավալները: Իր հերթին ՄԱԿԶԾ փորձագետ Լուսինե Բալայանը հավելել է, որ նախաձեռնության գաղափարը պայմանավորված էր գյուղական համայնքների նկատմամբ զբոսաշրջիկների տարեցտարի աճող հետաքրքրությամբ: Նրա խոսքով` ներկա պահին «Գինու բակ» նախագիծն ունի չորս շահառու` Աչաջուրում, Աշտարակում, Բյուրականում և Արենիում, իսկ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ջանքերով առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագրի շրջանակը` ընդգրկելով շուրջ 30 շահառուի խաղողագործական հինգ մարզերից: Քանի որ ծրագիրը խթանում է գյուղական համայնքների զարգացումը` շահառուները պետք է լինեն բացառապես գյուղական համայնքների մշտական բնակիչներ:
 Մարզում զարգանում է նաև չրագոծությունը: Բերքաբերցի Աղաս Խուդավերդյանն արքայանարնջի չրի արտադրությամբ է զբաղվում։ Պտուղը սեփական այգուց է, որի տարածքը 2.6 հեկտար է, որն այս տարի ևս 4 000 մետրով ընդլայնել է։ Արտադրանքը օրգանիկ սերտիֆիկացման անցման փուլում է գտնվում։ Իրացման խնդիրներ չունեն։ Թարմ արքայանարինջը սպառում են տեղական շուկայում, չիրն արտահանվում է։
 Գեղամ Գևորգյանի այցը շարունակվել է Լուսաձոր համայնքի անասնապահական ֆերմայում և կաթնամթերքի արտադրամասում, որտեղ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը վերջերս իրականացրել է արդիականացման և ընդլայնման աշխատանքներ: Նախարարի պաշտոնակատարը շրջել է արտադրամասում և ծանոթացել արտադրական հզորություններին:
  Աշխատանքային այցի ավարտին Գեղամ Գևորգյանը եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, ծանոթացել գինու արտադրության գործընթացին: Ներկայումս գործարանն արտադրում է ալկոհոլային խմիչքների ընդարձակ տեսականի` նռան, մոշի, հոնի, սերկևիլի, վարդի, բալի գինիներ, փրփրուն գինիներ, հոնից, ծիրանից, թթից և խաղողից պատրաստվող օղիներ, կոնյակ և հյութեր: Գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանը դրական է գնահատել ընթացիկ տարում արձանագրված ցուցանիշները. մասնավորապես, գինու, կոնյակի և օղու վաճառքն աճել է շուրջ 30 տոկոսով, ավելացել է նաև պահածոների արտադրության ծավալը` նախորդ տարվա 800 հազար տարայից հասնելով մոտ 1մլն 200 հազարի: Մթերումների դիմաց պարտքեր չկան, գյուղացիներին գումարները վճարվում են անմիջապես տեղում: Անդրադառնալով արտահանման խնդիրներին` Ատոմ Եգորյանը տեղեկացրել է, որ արդեն մեկ տարի է, ինչ ընկերության արտադրանքը ներկայացված է նաև չինական շուկայում, և թեև հայ արտադրողի համար այն բավական հետաքրքիր է, սակայն նկատվում է հայկական բրենդը գովազդելու և ճանաչելիությունը բարձրացնելու անհրաժեշտություն:

minagro.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26