Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հրաձգությունից 1-ին տեղը գրավել է Գետահովիտի միջնակարգ դպրոցի տղաների թիմը
16.11.2018
Նոյեմբերի 13-15-ը Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների միջև Երևանում անցկացված ,,Սպարտակիադա,, մարզական միջոցառման հրաձգություն մարզաձևում փայլուն ձևով է հանդես եկել Տավուշի մարզը ներկայացնող Գետահովիտի միջնակարգ դպրոցի տղաների թիմը: Սպարտակիադային մասնակցած 12 թիմերի միջև ծավալված պայքարում գրանցելով ամենաբարձր արդյունքները՝ գետահովտցի դպրոցականները գրավել են 1-ին պատվավոր տեղը՝ պարգևատրվելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սահմանված գավաթով, հավաստագրով և մեդալներով: Նույն մարզաձևում աղջիկների թիմը գրավել է 6-րդ տեղը: Թիմային հաշվարկով Տավուշի մարզը ներկայացնող Գետահովիտի դպրոցի թիմը նշված մարզաձևում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Հրաձգության մրցումներն անց են կացվել օդամղիչ հրացանով 10 մետրից՝ 3 փորձնական և 5 հաշվարկային կրակոցներով:
Նոյեմբերի 13-16-ը սպարտակիադայի շրջանակներում անցկացված բասկետբոլի մրցումներում Բերդի ավագ դպրոցի տղաների թիմն էլ գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ նույնպես պարգևատրվելով համապատասխան կարգի հավաստագրով, գավաթով և մեդալներով: