Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը գրավել է 2-րդ տեղը
09.11.2018
,,Լուսաստղ,, բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անց է կացվել ,,Ներառական սպորտլանդիա,, միջոցառումը, որի եզրափակիչ փուլը նախօրեին տեղի է ունեցել Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան ,,Կենտրոն,, համալիր մարզադպրոցում: Միջոցառումն անց է կացվել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության հանձնաժողովի ֆինանսավորմամբ իրականացվող ,,Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումը ֆիզկուլտուրայի դասերին,, ծրագրի շրջանակներում: Նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց նմանօրինակ միջոցառումներով հնարավորինս հասարակությանը ներառելն է՝ ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, մասնավորապես սպորտում: Ծրագիրն ուղղված է հաշմանդամային սպորտի մասսայականացմանը, առողջ կենսակերպի և սոցիալական հավասարության գիտակցության արմատավորմանը, մարմնակրթական ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը:
Ներառական սպորտլանդիաների մարզային փուլին մասնակցել են Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 14 դպրոցներ: Իսկ եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունքը նվաճել էին Վանաձորի թիվ 30, Գյումրիի թիվ 38 և Իջևանի թիվ 3 դպրոցների աշակերտները, որոնց միջև էլ ծավալվել է վերջնական պայքարը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 10 մասնակից, որից 5-ը՝ հաշմանդամություն ունեցող: Համառ պայքարի արդյունքում Տավուշի մարզը ներկայացնող Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը գրավել է 2-րդ տեղը: 1-ին տեղում Վանաձորի դպրոցականներն էին, 3-րդ տեղում՝ գյումրեցիները: Թիմերը պարգևատրվել են գավաթով, պատվոգրերով ու մարզագույքով: