Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍԻ ԹԻՄԸ
09.11.2018
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ ու Հայկական կարմիր խաչի ընկերության /ՀԿԽՄ/ համատեղ ջանքերով և Գերմանական կարմիր խաչի աջակցությամբ Տավուշի մարզում անց են կացվում առաջին օգնության մրցումներ: Նախորդ տարի մրցումներն անց են կացվել Ազատամուտում: Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի տարածքում: Մրցումներին մասնակցեցին մարզի սահմանամերձ համայնքների ու բնակավայրերի քաղաքացիական պաշտպանության 11 թիմեր: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը: Նա կարևորեց նման մրցումների կազմակերպումը, որոնք զարգացնում են մասնակիցների հմտություններն ու կարողությունները, միաժամանակ մաղթեց նաև, որ այդ հմտություններն ու կարողությունները օգտագործելու կարիքը երբեք չլինի: Մինչ մրցումներն սկսելը բոլոր թիմերը ստացան անհրաժեշտ պարագաներով պայուսակներ: Իսկ մրցումների համար ստեղծվել էին մրցակցության հնարավորինս իրականին մոտ ութ կայաններ, որտեղ բեմադրվեցին ամենատարբեր արտակարգ իրավիճակներ: Թիմերի միջև պայքարը լարված էր ու հետաքրքիր: Արդյունքում առավելագույն միավորներ հավաքեց Մովսեսի թիմը՝ գրավելով 1-ին տեղը և պարգևատրվելով գավաթով: 2-րդ տեղում Պառավաքարն էր: 3-րդ տեղը բաժին հասավ Չորաթանի թիմին: Թիմերը պարգևատրվեցին նաև արժեքավոր նվերներով: