Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներին

30.10.2018

  ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը Տավուշի մարզի գյուղական համայնքներին: Այսօր տեղի է ունեցել զբոսաշրջային նոր ուղղությունների և համայնքահեն ծրագրերի բացման արարողություն Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կառավարությունների և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այս նախաձեռնությունները մի մասն են կազմում ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, հնգամյա և ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, եռամյա ծրագրերի, որոնց ֆինանսավորումը կատարում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ ծրագրերն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը /ՄԱԶԾ/ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
   ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Կոնոնուչենկոն, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՌԴ ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարությունների ներկայացուցիչները ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ այսօր այցելել են մարզի Դիտավան, Սարիգյուղ, Աչաջուր, Խաշթառակ, Հովք գյուղեր, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին:
 Դիտավանում ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագիրը տեղի ֆերմերներին օգնում է բարելավելու գյուղատնտեսական հմտությունները: Հյուրերը հանդիպել են ծրագրի շահառուներից երկուսի հետ, ովքեր հիմնել են պտղատու այգի՝ միավորելով իրենց հողերը: Այգում տեղադրվել է ոռոգման կաթիլային համակարգ: Առաջին լիարժեք բերքը կստացվի երեք տարի հետո: Ընդհանուր առմամբ ծրագրի աջակցությամբ 26 շահառուի կողմից հիմնվել է 40 հա պտղատու նոր այգի: Համայնքում ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագիրն իրականացնում է նաև համայնքահեն ձևաչափով կառուցվող հյուրատուն, որն իր դռները կբացի 2019 թվականին:
 Սարիգյուղում ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագիրն աջակցում է տեղի ֆերմերներին և ձեռնարկատերերին՝ նախաձեռնելու բիզնես գաղափարներ: Պատվիրակությունն այցելել է շահառուներից մեկին, ով ծրագրի օգնությամբ հացաթխման արտադրամաս է բացել, ծանոթացել կատարված աշխատանքներին:
  Աչաջրում ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագրի շրջանակներում իրականացվում է ,,Գինու բակ,, ծրագիրը: Ծրագիրն այստեղ մշակել է գինու բակի գաղափարը, որն իրենից ենթադրում է նոր մշակույթ տնայնագործ գինեգործների շրջանում: Ծրագիրը վերանորգում է շահառուների տները՝ հնարավորություն ընձեռելով զբոսաշրջիկներին տեսնելու գինու ստեղծման գործընթացը և համտեսելու այն: ,,Գինու բակի,, սարքավորումները տրամադրել է ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագիրը:
 Հաջորդ կանգառը Խաշթառակն էր, որտեղ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագիրը գյուղատնտեսական ծառայությունների որակը և մատչելիությունը բարելավելու նպատակով աջակցել է համայնքային փնջերի և գյուղատնտեսական մեքենաների հավաքակայանների ստեղծմանը: Համայնքներում նոր գյուղատնտեսական մեքենաների բացակայության և հների մաշվածության պատճառով վարելահողերի մեծ մասը մնում էր անմշակ կամ էլ բերքն էր փչանում: Ծրագիրը Խաշթառակ և Լուսահովիտ համայնքային փնջին տրամադրել է հացահատիկային կոմբայն և տրակտոր: Ծրագրի աջակցությամբ հիմնվել է նաև միջհամայնքային զարգացման ,,Ակութ,, հիմնադրամը, որը կկառավարի մեքենաների շահագործումը, կկազմակերպի համայնքային զարգացման տարբեր նախաձեռնություններ:
 Հյուրերը եղել են նաև Հովքում, որտեղ ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագրի աջակցությամբ ստեղծվել է ընտանեկան քեմփինգի և ձկնորսության գոտի, որը կխթանի զբոսաշրջության զարգացումը տարածաշրջանում, կբերի հավելյալ եկամուտ գյուղացուն: Ծրագրի միջոցներով այստեղ վերանորոգվել է նաև ճանապարհը՝ հեշտացնելով զբոսաշրջիկներ անցուդարձը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:34:12