Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլում հաղթել է Արծվաբերդի թիմը
29.10.2018
Հոկտեմբերի 25-ից 28-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Իջևանում անց են կացվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերի 2018 թվականի եզրափակիչ փուլի մրցումները: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 9-12-րդ դասարանների շուրջ 100 դպրոցականներ՝ եզրափակիչ փուլում ուժերը չափելով 6 մրցաձևում` նռնակի նետում (ուսումնական), 8-կիլոգրամանոց ուսապարկով և պատգարակով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում: 11 թիմերի միջև ծավալված պայքարում ընդհանուր թիմային առաջնության հաշվարկով, թիմի 9 անդամների կողմից ձեռք բերված միավորների առավելագույն գումարով, լավագույնն է ճանաչվել Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը՝ գրավելով 1-ին պատվավոր տեղը: 2-րդ տեղում Սյունիքի մարզը ներկայացնող թիմն էր, 3-րդ տեղում՝ Գեղարքունիքը: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևտրվել են գավաթով, մարզիկները՝ մրցանակներով: