Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԽՄԿ-ի ծրագրերի բացում Բերքաբերում և Սարիգյուղում

25.10.2018

Տավուշի մարզում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ կողմից իրականացված ծրագրերին ավելացան ևս երկուսը. նախօրեին ծրագրերի հանդիսավոր բացում տեղի ունեցավ մարզի Բերքաբեր և Սարիգյուղ համայնքներում: Ներկա էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոին: ԿԽՄԿ-ի աջակցությամբ Բերքաբերի միջնակարգ դպրոցում կառուցվել է <<ապահով սենյակ>>, որտեղ էլ իրականացվեց փորձնական տարհանման վարժանք: <<Սենյակն>> օգտագործվելու է որպես ժամանակավոր ապաստարան դպրոցականների և ուսուցիչների համար: Այն նախատեսված է պաշտպանելու բեկորներից և փոքր տրամաչափի հրազենից և կարող է պատսպարել առավելագույնը 100 մարդու մինչև չորս ժամ՝ մինչև կրակոցների ավարտը կամ բնակչության տարհանումը: <<Ապահով սենյակում>> կլինեն անհրաժեշտ քանակի խմելու ջուր, առաջին օգնության պարագաներ, ծածկոցներ և լապտերներ: Ներկաներին ողջունեց և Տավուշի մարզպետի անունից սենյակի կառուցման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեին շնորհակալություն հայտնեց մարզպետարանի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը: Շնորհակալական խոսք ասաց նաև դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանը՝ ընդգծելով՝ կառուցել ենք չօգտագործելու պայմանով: Ծրագրի մասին խոսեցին Քլեր Մեյթրոին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը:
  ԿԽՄԿ-ի միջոցով ավարտին է հասցվել նաև Սարիգյուղի՝ երկու տարի առաջ սկսված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը: Խորհրդային տարիներին գյուղն իր խմելու և ոռոգման ջուրը ստացել է Բերքաբերի ջրամբարից: 90-ականների պատերազմական տարիներին Սարիգյուղի ջրամատակարարման ցանցերը վնասվել էին, և ավելի քան 20 տարի գյուղն առանց այդ կենսական ռեսուրսի էր մնացել: Գյուղացիները հարյուրավոր մետրերով, նույնիսկ կիլոմետրով ճանապարհ էին անցնում գյուղում գտնվող միակ աղբյուրց ջուր տանելու համար: Այսօր արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ գյուղի թաղամասերում տեղադրված հինգ հանրային ծորակների շնորհիվ համայնքի բնակչության համար հասանելի են խմելու ջրի աղբյուրները: Համայնքի ներդրման հետ միասին 32 միլիոն դրամի ընդհանուր արժողությամբ այս ծրագրում ներառված է ջրընդունիչի, 2 պոմպով պոմպակայանի և 2 պոլիէթիլային ջրահավաք բաքի տեղադրում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56