Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ելույթ է ունեցել Եվրասիական համագործակցության 3-րդ միջազգային համաժողովում
23.10.2018
Հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկել է Եվրասիական համագործակցության 3-րդ միջազգային համաժողովը, իսկ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել միջազգային համաժողովի լիագումար նիստը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը և մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները: Համաժողովի հիմնական նպատակն է խթանել ԵԱՏՄ երկրների ընկերությունների համագործակցությունը: Երկօրյա համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև ԱՄՆ–ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների, գործարար շրջանակների և փորձագիտական հանրույթի բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայտնի համաշխարհային ընկերությունների ղեկավարներ։ Երևանյան համաժողովին նախորդել են համաժողովներ Ռուսաստանում և Ղազախստանում, որոնց արդյունքում, կազմակերպիչների հավաստմամբ, ավելացել են ցուցահանդեսին ներկայացված որոշ ընկերությունների պատվերները՝ մասնավորապես ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոսմետիկ նյութերի արտադրության ոլորտում: Համաժողովի նպատակներից է նաև առկա գործարար ներուժը ներգրավել Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական կարողությունների զարգացման գործում: Մարզի տնտեսության տեսլականը, առկա պայմաններն ու հնարավորությունները համաժողովում ներկայացրել է մարզպետ Վահե Ղալումյանը: Տեղեկացրել է նաև վերջին ամիսներին մարզում ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես սեպտեմբերի 9-ին անցկացրած <<Իմ քայլը հանուն Տավուշի>> խորագրով համաժողովի վերաբերյալ, որին մասնակցել են ծագումով տավուշցի 50-ից ավելի գործարարներ: