Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Գյուղաբնակ կանանց միջազգային օրը
15.10.2018
Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական օրացույցում հոկտեմբերի 15-ը ամրագրված է որպես Գյուղաբնակ կանանց միջազգային օր` ի նշան գյուղաբնակ կանանց հանդեպ հարգանքի և մեծարման, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործում գյուղաբնակ կանանց մասնակցության կարևորության և նրանց դերի բարձրացման:
Գյուղաբնակ կանանց օրը միավորում է տարբեր մասնագիտությունների տեր կանանց, որոնք ապրում են գյուղական բնակավայրերում: Նրանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը որոշիչ գործոն է ոչ միայն առանձին անձանց, ընտանիքների ու գյուղական համայնքների բարեկեցության, այլև տնտեսության ընդհանուր արտադրողականության համար:
Գյուղաբնակ կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում էր այսօր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում, որին մասնակցում էին ոլորտի պատասխանատուներ, մարզի գյուղաբնակ կանայք, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Օրվա առթիվ ներկաներին շնորհավորեց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Մարո Մաթոսյանը, անդրադարձավ Հայաստանում կանանց իրավունքների ու ընտանեկան բռնության խնդրին, ինչպես նաև հասարակության մեջ ձևավորված նահապետական կարծրատիպերին, ընդգծեց կանանց ուսուցման կարևորությունը և ընդգրկվածությունը թե քաղաքական և թե հասարակական կյանքում: Այնուհետև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Սեյրան Համբարձումյանը ներկայացրեց ,,Ընտանեկան բռնության մասին,, օրենքը: Իր ելույթում մարզի համայնքների կանանց զբաղվածության խնդիրներին անդրադարձավ Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում ծրագրի տնօրեն Հասմիկ Ազիբեկյանը: Գյուղաբնակ կանանց միջազգային օրվա առթիվ միջոցառման մասնակիցների համար հաճելի անակնկալ էր պատրաստել ,,Վորլդ Վիժն,, միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը՝ նրանց հանձնելով նվերների փաթեթներ: