Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է ՌԴ Տոմսկի մարզի հայերի միության նախագահ Ռուբեն Մանուկյանին և միության փոխնախագահ, գործարար Հովհաննես Զեյնալյանին
05.10.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տոմսկի մարզի հայերի միության նախագահ Ռուբեն Մանուկյանին և միության փոխնախագահ, գործարար Հովհաննես Զեյնալյանին: Սիբիրցի մեր հայրենակիցները նշել են, որ հայաստանյան վերջին իրադարձությունները շատ են ոգևորել տեղի հայերին, մեծացել է տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ և ցանկություն ունեն հայկական համայնքի գործարար դաշտի ներուժը ծառայեցնել նոր Հայաստանի զարգացմանը: Նաև տեղեկացրել են, որ վեցհազարանոց հայկական համայնքը շատ հարգված է Տոմսկի մարզում, ապրում է աշխույժ ու հետաքրքիր կյանքով: Ունեն հայկական եկեղեցի, կիրակնօրյա դպրոց, հայկական թերթ, ճանաչված պարի խումբ ու նաև ճանաչված գործարարներ տարբեր ոլորտներում: Տեղեկացվել է, որ Տոմսկը նաև ուսանողական քաղաք է: Այստեղ սովորում են ավելի քան 100 երկրներից եկած ուսանողներ, և կրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները բավականին մեծ են:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Վահե Ղալումյանը շնորհակալություն է հայտնել մարզի տնտեսությանն աջակցելու պատրաստակամության համար, ներկայացրել մարզի զարգացման հիմնական ուղղությունները, տնտեսական իրավիճակը, նշել, որ սեպտեմբերին ներդրումային մեծ համաժողով է կազմակերպվել Իջևանում, որին մասնակցել են ՀՀ վարչապետը, տավուշյան ծագում ունեցող շուրջ հարյուր գործարարներ Հայաստանից և արտերկրից, և որ մարզում արդեն առկա են ներդրումների զարգացման հաջողված օրինակներ, մասնավորապես մարզի զարգացման համար առաջնահերթություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տուրիզմը և գյուղատնտեսությունը: Մարզում հաջողությամբ զարգացում է ապրում նաև տեքստիլ արտադրությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության բոլոր հնարվոր կողմերը: Հյուրերը հետաքրքրվել են մասնավորապես կրթության ու մշակույթի ոլորտներում համագործակցելու հնարավորություններով, նաև՝ իջևանյան գինիների արտահանմամբ:
Բարձրագույն կրթական հաստատությանը ծանոթանալու նպատակով, մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռուբեն Մանուկյանը և Հովհաննես Զեյնալյանը այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, ծանոթացել բուհի գործունեությանը: Նրանք եղել են նաև Իջևանի գինու-կոնյակի գործարանում, տնօրինության հետ քննարկել հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: