Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ
02.10.2018
94 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհի ամենաճանաչված հայ, Ֆրանսիայի արժանավոր քաղաքացի, աշխարհահռչակ շանսոնյե, դերասան, Հայասանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:
Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում՝ հայ գաղթականներ Միշա եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Հայրը արմատներով Էրզրումից էր, մայրը՝ Իզմիրից, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Ազնավուրյանների ընտանիքը ամուր թելերով կապված էր իր արմատներին՝ ազգային սովորույթներին, մայրենի լեզվին ու հայ եկեղեցուն: Հայոց մեծ երկրաշարժի օրերին Ազնավուրը առաջիններից մեկն էր, որ շտապեց օգնության ձեռք մեկնել աղետի մեջ հայտնված իր հայրենակիցներին: Ժորժ Կառվարենցի հետ գրեց ,,Քեզ համար, Հայաստան,, երգը և տեսահոլովակ թողարկեց Ֆրսնսիայի 90 երգիչների ու դերասանների մասնակցությամբ, ստեղծեց ,,Ազնավուրը Հայաստանին,, բարեգործական հիմնադրամը:
2009 թվականից ՀՀ նախագահի հրամանագրով Շառլ Ազնավուրը նշանակվեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, համատեղության կարգով Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր: Արժանացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների, ,,Պատվո սեզարի,,: Մինչև կյանքի վերջն էլ պատվով է ներկայացրել իր ժողովրդին աշխարհի տարբեր ծագերում:
Շառլ Ազնավուրը շուրջ հազար երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի: Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի ավելի քան հարյուր միլիոն ձայնասկավառակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։
Աշխարհի ամենահայտնի հայի երգերը հավերժ կմնան համաշխարհային երգարվեստի գանձարանում: