Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեց համայնքների սեփական եկամուտների կատարման ընթացքը
01.10.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին համայնքների ղեկավարները: Ներկա էին հիմնականում այն համայնքների ղեկավարները, որոնց տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարման ցուցանիշները բավականին ցածր են՝ նախատեսված տարեկանի համամեմատությամբ: Համայնքների ղեկավարները նշեցին, որ տարեվերջին ցուցանիշները բարելավվելու են, քանի որ ավանդույթի համաձայն բնակիչները հողի հարկը վճարում են վերջին եռամսյակում: Գյուղացին առավել վճարունակ լինում է, երբ իրացնում է ստացած բերքը և այդ ժամանակահատվածում էլ մարում է իր պարտքերը: Նույնը վերաբերում է նաև գույքահարկին: Իհարկե, կան նաև այնպիսի բակիչներ, որոնք անպարտաճանաչ են և տարիներով չեն վճարում հարկերը, թեև, օրինակ Խաշթառակ համայնքի ղեկավարը նշեց, որ բոլոր բնակիչներին արդեն 4-րդ անգամ ծանուցում է ուղարկվել: Խորհրդակցությունում քննարկվեց նաև համայնքի կողմից հարկերը տարիներով չվճարող բնակչին դատի տալու օրենքի հնարավորությունը:
Մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ տեղական բյուջեի կատարումը համայնքի ղեկավարի լիազորություններից է, և այն կատարելու համար պետք է անհատական աշխատանք տանել յուրաքանչյուր բնակչի հետ: Հատկապես փոքր համայնքները, որոնք սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար բավարար միջոցներ չունեն, պետք է սեփական եկամուտները բարձր տոկոսներով կատարեն, քանի որ պետությունը հրատապ աշխատանքներ կատարելու և լրացուցիչ միջոցներ հատկացնելու դեպքում, ուշադրություն է դարձնելու հենց այդ տվյալներին: