Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

26.09.2018

  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 25-ին երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
 Խորհրդակցության օրակարգում ներառված են եղել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, հակակարկտային կայանքների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացում թափանցիկության ապահովման և ռիսկերի չեզոքացմանն առնչվող հարցեր։
 Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ ծրագրերի իրականացման ընթացքին և շեշտել, որ մարզպետարանների կողմից անհրաժեշտ է տանել հստակ վարչակազմակերպչական աշխատանքներ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և դրանց ժամկետների պահպանման ուղղությամբ։
 Խոսելով վերջերս հակակարկտային կայանքների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտահոգությունների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում գույքագրել պետական, համայնքային ենթակայության և մասնավոր սեփականություն հանդիսացող հակակարկտային կայանքները՝ ներկայացնելով դրանց պահպանման արժեքի և ծախսարդյունավետության վերաբերյալ մանրամասն հաշվետվություն։ Այս առնչությամբ նախարարը հայտնել է, որ խնդիր ունենք վերլուծել ոլորտում տիրող իրավիճակը և բացառել անարդյունավետ ու անընդհատ ծախս պահանջող կայանքների աշխատանքը։
Նախարարը տարակուսանք է հայտնել համայնքների կողմից հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ներկայիս ընթացքի վերաբերյալ և մարզպետներին կոչ արել բնակիչների շրջանում տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ հարկերից խուսափելու իրավական հետևանքների մասին։
   Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է անձամբ հետևել ֆրանկոֆոն ավանում մարզերի բովանդակային առանձնահատկությունների պահպանմանը և ձեռնարկել պահանջվող բոլոր միջոցառումները՝ մարզային կոլորիտն ու մշակութային յուրահատկությունը որակական բարձր մակարդակով ներկայացնելու համար։

           mtad.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57