Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ

26.09.2018

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այսօր հանդիպում ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Տիգրան Թամրազյանը և մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը:
Մարզպետ Վահե Ղալումյանն իր բացման խոսքում նշեց, որ ուրախ է նման հանդիպման համար և կարծում է, որ այսուհետ դրանք պետք է ավելի հաճախ լինեն, որպեսզի կայանա մարզպետարան, ի դեմս մարզպետարանի նաև պետական կառավարման օղակ-ուսանողներ, երիտասարդներ համագործակցությունը: Մարզպետն ընդգծեց, որ մայրաքաղաքի բուհերում սովորող ուսանողների համեմատությամբ, իջևանյան ուսանողները, կարծես թե, ինքնադրսևորման, ինքնուրույն խոսք ասելու, ինքնուրույն գործելու որոշակի խնդիրներ ունեն, թեև Թավշյա հեղափոխությանը ուսանողներն ակտիվ մասնակցություն ունեցան և հենց նրանց շնորհիվ է նաև, որ հեղափոխությունը հաղթանակ տոնեց: Վահե Ղալումյանը շեշտելով, որ ապագան 100 տոկոս պատկանում է այժմյան երիտասարդներին, շատ կցանկանար, որպեսզի նրանք ներգրավվեն համայնքային, մարզային բոլոր գործընթացներում, ՏԻՄ-երի ձևավորմանը, և ընտրություններին այսուհետ հաղթանակ տոնեն ոչ թե նրանք, ում մեծ բարեկամություն ու շրջապատ ունեն, այլև, խելացի ու բանիմաց երիտասարդները: Մարզպետը նշեց, որ կուզենար նաև գնահատական, տեսակետ լսել մարզպետարանի վերջին 4 ամսվա գործունեության վերաբերյալ:
Ուսանողները մասնավորապես հետաքրքրվեցին, թե ինչպես կարող են ներգրավվել մարզպետարանի աշխատանքներին, հնարավո՞ր է պրակտիկա անցկացնել մարզպետարանի առանձին ստորաբաժանումներում և այլն: Ի պատասխան մարզպետ Ղալումյանը նշեց, որ կարող են պաշտոնական կայքում հետևել և մասնակցել այնտեղ ազդարարված բոլոր խորհրդակցություններին, մարզխորհրդի նիստերին, լինել ըստ իրենց մասնագիտությունների համապատասխան վարչություններում և բաժիններում: Հարկ եղած դեպքում ուսանողները պատրաստակամություն հայտնեցին նաև օգնել:
Հարց հնչեց նաև Իջևանի արխիվի, թանգարանի շենքի վատթար վիճակի, միջհամայնքային տրանսպորտի գործունեության վերաբերյալ: Մարզպետը նշեց, որ տեղյակ է նշված հարցերին, իսկ որոշներն էլ լրացուցիչ կուսումնասիրի, սակայն ընդգծեց, որ մեր համայնքներում կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան հենց համայնքային մակարդակում: Բայց քանի որ ՏԻՄ-երն իրենց լիազորություններն ամբողջովին չեն կատարում, համայնքային խնդիրները գալիս և ծանրանում են պետական կառավարման վրա: ՀՀ կառավարությունն առաջիկայում գումար է հատկացնելու մարզերին, համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով, այնպես որ պիտի աստիճանաբար անդրադարձ լինի բոլորին: Ուսանողներին հետաքրքրում էին նաև մարզում տուրիզմի զարգացման, դրա հետ կապակցված նաև ճանապարհների հիմնանորոգման, անտառների վերականգնման, երկաթուղու շահագործման հետ առնչվող և այլ հարցեր, որոնց շուրջ էլ բավականին հետաքրքիր զրույց ծավալվեց:
Ավարտին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը ներկայացրեց վերջին ժամանակահատվածում կատարած աշխատանքներն ու նախաձեռնվող միջոցառումները, իսկ մարզպետ Վահե Ղալումյանն ամփոփելով խոսքը, ուսանողներին ևս մեկ անգամ հորդորեց ուսումնառության տարիներն իսկապես նպատակին ծառայեցնել, քանի որ Նոր Հայաստանում, ինչպես հաճախ նշում են և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, գիտելիքին խիստ կարևորություն է տրվելու:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57