Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անկախության տոնը՝ մարզկենտրոն Իջևանում
21.09.2018
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը Տավուշի մարզկենտրոն Իջևանում տրվեց առավոտյան՝ Սահմանադրության հրապարակից արդեն ավանդական դարձած հանդիսավոր երթով դեպի Ազատամարտիկների հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար պայքարած և արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած իջևանցի ազատամարտիկների հիշատակին: Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Վահե Ղալումյանի գլխավորությամբ, հոգևոր դասը, բարձրաստիճան սպաներ ու զինծառայողներ, ուսանողներ ու դպրոցականներ, մտավորականներ ու վետերաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ:
Տավուշի մարզպետը և Իջևանի քաղաքապետը ծաղկեպսակ դրեցին հայոց ազատամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշարձան-խաչքարին: Այնուհետև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կարդաց Տերունական ու Պահպանիչ աղոթք: Տոնական օրվա միջոցառումը շարունակվեց քաղաքի Շատրվանների հրապարակում կազմակերպված հետաքրքիր ցուցադրությամբ, որտեղ ներկայացվել էին տարբեր զինատեսակներ, նաև բացատրություններ էին տրվում դրանց հնարավորությունների մասին:
Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը Իջևանում կեզրափակվի երեկոյան՝ համերգային հարուստ ծրագրով և հրավառությամբ: