Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը եղել է Ոսկեպար, Կոթի և Բաղանիս բնակավայրերում

18.09.2018

 Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գյուղնախարար Արթուր Խաչատրյանն այցելել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայր, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:
Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ. բերքատվությունը ցածր է, հողատարածքները հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակության ծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա ունենալու պահանջը շատերը չեն կարողանում ապահովել, ունեն նաև կաթի մթերման, տոհմային կենդանիների ցեղի բարելավման և այլ խնդիրներ։
  Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը տեղյակ է խնդրից և առաջիկայում նախատեսում է իրագործել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր՝ 500 հազարից 3 մլն. դրամ գումարի սահմանում:
  «Ծրագիրն արդեն մեր բյուջետային հայտում է: Մենք նվազեցնում ենք շեմը, որպեսզի այն հասանելի լինի նաև փոքր գյուղացիական տնտեսություններին, քանի որ 3-10 մլն դրամն ավելի շուտ ֆերմերային տնտեսություններին էր հասանելի»,- հավելել է նախարարը՝ խոստանալով, որ գրավին վերաբերող հարցը, որը համակարգային է, նույնպես քննարկման առարկա կդառնա։
  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա է եղել, այս տարի 5000-ից ավելի ենք սպասում: Մթերմանն գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է», – հավելել է մարզպետը:
  Այցի ընթացքում Արթուր Խաչատրյանը եղել է նաև Կոթի բնակավայրում, որը նախարարության հիմնական շահառու համայնքներից է. շուրջ 450 հեկտար ցորեն ունեն։
  Գյուղացիները ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշմամբ, սակայն հողի սեփականության խնդիրներ ունեն, սեփականատերերից շատերը հանրապետությունում չեն և հողերի օգտագործման իրավունքն առանց փաստաթղթային ձևակերպման տվել են իրենց ազգականներին: Նախարարը լուծման տարբերակներ է առաջարկել։
  Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշում է, որ, չնայած վտանգներին, գյուղացիներն ամեն ինչ անում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն, և նման աջակցության լիարժեք կիրառման դեպքում պատրաստակամ են ընդլայնել մշակվող հողատարածքները։
Նախարար Խաչատրյանն այցելել է նաև սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս: Բաղանիսցիները նշել են, որ որևէ խնդիր չունեն՝ արդյունավետ գնահատելով գյուղատնտեսական տարին:
  Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս տարի մեկ հեկտարից ստացել են մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվա համեմատ, բարձր ցուցանիշ է: Ինչպես Կոթիում, Բաղանիսում էլ ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշումից և նախատեսել են ավելացնել ցանքատարածությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56