Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղնախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Բերդավանի գինու գործարան
18.09.2018
Շարունակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի՝ սեպտեմբերի 17-ին սկսած աշխատանքային այցը Տավուշի մարզում: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ նախարարն այսօր այցելել է Բերդավանի գինու գործարան, շրջել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրությանը: Գործարանի գործադիր տնօրեն Գագիկ Աղաբաբյանը տեղեկացրել է, որ ներկայումս խաղողի ընդունման և վերամշակման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, և առաջիկա ամենամոտ օրերին կսկսեն բերքի ընդունումը: Նշել է, որ խաղողի ընդունման գները լինելու են տարբեր: Կիլոգրամը 120-140 դրամով, գյուղացու հետ կնքված պայմանագրային գնով, կընդունեն այն խաղողները, որոնք տեխնիկապես ոչ լիարժեք են կամ վնասված: Իսկ նրանք, որոնք տեխնիկապես հասունացած են և բավարարում են տեխնոլոգիական պահանջները, կմթերվեն կիլոգրամը մինչև 160-170 դրամով, խոսքը վերաբերում էր մաքրասորտ լալվար տեսակին: Գագիկ Աղաբաբյանը նաև առաջարկով է դիմել նախարարին: Քանի որ գործարանը բազմապրոֆիլ է, առաջարկվել է 2019 թվականից գործարանի բազայի վրա գյուղատնտեսական մեծ կազմակերպություն ստեղծել և մթերել մեծ քանակությամբ պտուղ-բանջարեղեն: Նախարարը ողջունել է Աղաբաբյանի առաջարկը, խոստացել առաջիկայում նրան հրավիրել նախարարություն և համատեղ քննարկել հարցը: Նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպում է ունեցել նաև գյուղի բնակչության հետ, լսել նրանց խնդիրները: Գյուղացիների խոսքով նրաց թիվ մեկ խնդիրը ոռոգման ջրի հարցն է: