Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցությանը ներկայացվեց նախնական ամփոփ զեկույց զորավարժությանը մասնակցության մասին
14.09.2018
Սեպտեմբերի 13-ին ավարտվեց «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը, որի ընթացքում երկիրը բերվել էր պայմանական պատերազմական վիճակի: Համապետական նշանակության եռօրյա զորավարժություններին մասնակցեց նաև Տավուշի մարզը: Նույն օրվա երեկոյան մարզպետարանում ամփոփվեցին զորավարժության արդյունքները: Մասնակցում էին զորավարժությանը մասնակից մարմինների՝ մարզպետարանի ստորաբաժանումների, մարզի ուժային կառույցների, համայնքների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետ, մարզի զորահավաքային մարմնի ղեկավար Վահե Ղալումյանը: Այնուհետև Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը ներկայացրեց նախնական ամփոփ զեկույց «Շանթ 2018»-ին մասնակցության մասին: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Վահե Ղալումյանը նշեց, որ զորավարժությունը հնարավորություն էր փորձարկելու մարզի ունակություններն ու հմտությունները ամբողջ երկիրը պայմանական պատերազմական վիճակի բերելու դեպքում, և մենք պատվով դուրս եկանք այդ փորձությունից, շնորհակալություն հայտնեց առաջադրանքները գերազանց կատարած պատասխանատուներին, նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց այն որոշ բացթողումների վրա, որոնք գրանցվել են զորավարժության ընթացքում և առաջարկեց հնարավորինս սեղմ ժամկետում շտկել: