Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզկենտրոն Իջևանում կայացավ ,,Իմ քայլը հանուն Տավուշի,, ներդրումային համաժողովը

09.09.2018

  Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ ,,Իմ քայլը հանուն Տավուշի,, ներդրումային համաժողովը, որին մասնակցում էին ծագումով մարզից սերած արտերկրում ու Հայաստանում ապրող գործարարներ: Համաժողովին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետը շնորհակալություն հայտնեց հրավիրվածներին, հատկապես դրսից ժամանածներին, նաև համոզմունք հայտնեց, որ հետագա համագործակցությունը կստացվի, քանի որ մարզում արդեն կան ներդրումների զարգացման հաջողված օրինակներ: Որպես օրինակ բերեց ,,Տավուշտեքստիլը,,, որը տարածաշրջանում ապահովում է 520 աշխատատեղ 150 հազար դրամ միջին աշխատավարձով, ինչպես նաև Իջևանի գինու և կոնյակի գործարանը, որն ապահովում է 200-ից ավելի աշխատատեղ: Մարզպետը ընդգծեց նաև այն փաստը, որ գուցե սահմանամերձ Տավուշում բիզնես դնելը ռիսկեր է պարունակում, սակայն այն բոլոր դեպքերում կայանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա նման առաջին մարզային համաժողովն է, և նպատակը հանրահռչակելն է այն զարգացման բանաձևը, որ մենք այսօր դնում ենք մեր գործողությունների հիմքում: Առանցքային դրույթն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում իրոք տնտեսական զարգացում կարելի է ունենալ այն պարագայում, եթե գործարար միջավայրը և կառավարությունը կարողնան իսկապես գործընկերային հարաբերություններ հաստատել: Հայաստանի ՓՄՁԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը իր ելույթում նշեց ներառական աճ ապահովող ներդրումների մասին, որոնք անմիջական ազդեցություն կունենան բնակչի կենսապայմանների վրա: Այնուհետև իրենց ծրագրերը ներկայացրին ,,Բերք,, ՍՊԸ-ի, ,,Էկոգրինի,, , կոմպոզիտային հիմքով շինանյութի արտադրության, նուշի այգու հիմնման և այլ ծրագրերի ներկայացուցիչները: Մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծությունների բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը ներկայացրեց որոշ պատրաստի գաղափարներ, որոնք հաջողությամբ կարող են կյանքի կոչվել ֆինանսական ներդրումների առկայության պայմաններում: Տեսահոլովակների միջոցով հաջողված պատմություններ ներկայացրին ,,Գարդենիա,, ՍՊԸ-ն, ,,Իջևանի գինու և կոնյակի գործարան,, ԲԲԸ-ն, ,,ՀիմնաՏավուշ,, հիմնադրամը, ,,Տավուշտեքստիլ,, ՍՊԸ-ն: ,,Տավուշտեքստիլի,, սեփականատեր և հիմնադիր Սուրեն Երիցյանը անդրադարձ կատարեց ձեռնարկության անցած ճանապարհին՝ միևնույն ժամանակ նշելով, որ տեքստիլ արտադրությունը Հայաստանում զարգացման մեծ հեռանկար ունի: Համաժողովի աշխատանքներն ամփոփեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրելով, որ միջոցառումը ստացվել է: Նշեց, որ շատ երկար տարիներ Հայաստանում, ցավոք սրտի, վարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն: Ընդգծեց, որ այդ քաղաքականությունը պետք է փոխարինվի աշխատանքի խրախուսման քաղաքականությամբ, որը կառավարության հիմնական գաղափարաբանությունն է, քանի որ ի վերջո միայն աշխատանքի միջոցով են լուծվում բոլոր հարցերը: Այլ ճանապարհ չկա: Եզրափակելով համաժողովը, Տավուշի մարզպետը նշեց, որ այս համաժողովի հիմնական նպատակը համագործակցության սկիզբը դնելն էր, նաև ասաց, որ այս պահից հանգիստ չի թողնելու գործարարներին և հայրական օջախի ծուխը ծխացող կրտսեր եղբոր իրավունքով մի քիչ էլ պահանջելու է:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 17:04:02