Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիլիջանում տեղի է ունեցել «Պանորամա» քայլարշավային ուղու բացման հանդիսավոր արարողություն
07.09.2018
Այսօր Դիլիջանում հանդիսավորությամբ բացվեց «Պանորամա» քայլարշավային ուղին, որը կառուցվել է Հայաստանի Տավուշի մարզի և Գերմանիայի Բավարիա Ռեգեն երկրամասային շրջանի միջև համագործակցության շրջանակներում՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ և իրականացվում է Գերմանիայի համագործակցության ընկերության կողմից (GIZ) Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ: Ծրագրի գործընկերն է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (ՏԿԶՆ):
Միջոցառումը բացեց և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարը քայլարշավային ուղու ստեղծումը բնութագրեց որպես նոր, ժամանակակից զբոսաշրջային մշակույթի ներդրում: Ներկաներին իրադարձության առթիվ շնորհավորեցին Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Ռեգեն երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլը, Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը: Բանախոսները անդրադարձան Տավուշ-Ռեգեն համագործակցության արդյունավետությանը՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում կիրագործվեն ավելի մեծ համատեղ ծրագրեր: Արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզի գործընկեր համայնքների ղեկավարները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու հյուրեր, լրատվության ներկայացուցիչներ: Ռեգենի մարզպետ Ռիտա Րորլին ուղեկցում էր բարձրաստիճան պատվիրակություն Ռեգենից, որի կազմում էին համայնքապետեր, մարզպետի տեղակալը, առաջատար մասնագետներ երկրամասային վարչակազմից:
«Պանորաման» 6,9 կմ երկարությամբ հարմար շրջանաձև քայլարշավային ուղի է, որն անցնում է լուսավոր անտառներով և արոտավայրերով և որի մի հատվածում բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի «Դիլիջան» ազգային պարկ: Ուղին իր մեջ ընդգրկում է պիկնիկի համար նախատեսված 5 գոտի, պատմական Փոքր Դիլի գյուղատեղին՝ հին գերեզմանոցով և «Խաչեր» կոչվող սրբավայրով: Ուղու նպատակակետ է հանդիսանում «Թթու ջուր» անվանումը կրող հանքային ջրի աղբյուրը: