Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն ընդունել է Ռեգենի պատվիրակությանը
07.09.2018
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մարզպետարանում ընդունել է Ռեգենի երկրամասային շրջանի մարզպետ Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին համայնքապետեր, մարզպետի տեղակալը, առաջատար մասնագետներ երկրամասային վարչակազմից: Ողջունելով հյուրերին`Տավուշի մարզպետը բարձր է գնահատել այն համագործակցությունը, որ ձևավորվել է Տավուշի մարզի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի միջև: Նաև շնորհակալություն է հայտնել վերջերս Ռեգեն կատարած այցի ընթացքում իր հանդեպ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Ի պատասխան Ռեգենի երկրամասային շրջանի ղեկավարն ասել է, որ ասես գտնվում է տանը, քանի որ շատ ընդհանրություններ կան երկու տարածաշրջանների միջև: Տավուշը հիշեցնում է Ռեգենի նույն անտառներն ու սարերը: Նաև կատակով նշել է, որ ժողովրդավարության ոլորտում Հայաստանը իրենց աջակցության կարիքը չունի՝ վկայակոչելով մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, իսկ ինչ վերաբերում է համագործակցության համար ընտրված ոլորտներին, ապա բոլոր անհրաժեշտ նախադրյալները կան, և ամեն ինչ կարվի հետագա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու համար: Հանդիպման վերջում տարածաշրջանների ղեկավարները նվերներ են փոխանակել: Տիկին Րորլը մարզպետին է հանձնել տեղի ձեռքի արտադրության ապակու մանուֆակտուրայի արտադրած գավաթներ և խմիչքի շիշ, իսկ մարզպետը տիկին Րորլին է նվիրել Բերդավանի գինու գործարանի առաջին արտադրության գինի: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո հյուրերն ուղևորվել են Մակարավանք: