Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկեց մարզում համապետական շաբաթօրյակի անցկացման հետ կապված հարցեր
06.09.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում հրավիրված քննարկմանը, որը վարեց մարզպետ Վահե Ղալումյանը, մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա էին մարզպետի տեղակալներ Վարդան Ալեքսանյանը և Տիգրան Թամրազյանը: Քննարկումն ընթացավ Տավուշի մարզում ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի անցկացման շուրջ: Շաբաթօրյակն ավելի արդյունավետ կազմակերպելու և բոլորի ներգրավվածությունն ապահովելու նպատակով եղան հետաքրքիր առաջարկներ: Առաջարկվեց կազմակերպել ֆլեշ մոբեր, ,,Մաքուր Տավուշ,, խորագրով ֆեյսբուքյան էջ բացել և ֆոտոշարքերի միջոցով ցույց տալ տարածքների նախկին և մաքուր իրավիճակները: Եթե մարզում տուրիզմի զարգացումից ենք խոսում, ապա առաջինը պետք է սկսենք մաքրությունից, ընդգծեց մարզպետը: Առաջարկվեց նաև մարզային խորհուրդ ձևավորել, որտեղ կքննարկվեն մարզի հետ կապված խնդիրները: Մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանի խոսքով, ,,Մաքուր Հայաստանը,, պետք է դառնա մշակույթ և առաջարկեց մարզում ավանդական դարձնել պարբերաբար շաբաթօրյակների անցկացումը: Ամփոփելով քննարկումը՝ մարզպետ Վահե Ղալումյանը կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին և սեփական ներդրումն ունենալ մաքուր և խնամված հայրենիք ունենալու գործում: