Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը

04.09.2018

   Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Վահե Ղալումյանը: Մինչ օրակարգին անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ջեմմա Գուրգենի Անանյանի հիշատակը:
  Օրակարգի առաջին հարցով մարզի 2017-2018 ուսումնական տարվա արդյունքները և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրները ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը: Ներկայացվեց, որ մարզպետարանի ենթակայության 76 դպրոցներում սովորողների ընդհանուր թիվը սեպտեմբերի 1-ի տվյալներով 16086 է՝ նախորդ տարվա 15328-ի դիմաց, առաջին դասարանցիների թիվը՝ 1596, նախորդ տարվա 1553-ի համեմատ: Կրթական հաստատությունների վերանորոգման նպատակով 2017թ. պետբյուջեից տրամադրվել է 1,321,9 մլն. դրամ: 2018-2019 ուսումնական տարում <<Հրատապ ծրագրով>> նախատեսվում է Խաշթառակի մանկապարտեզի վերանորոգում, Գանձաքարի միջնակարգ դպրոցի ճաշարանի և խոհանոցի վերանորոգում՝ ընդհանուր առմամբ 12.000.0 մլն. դրամ արժողությամբ: Բարերարների կողմից մասնավոր ներդրումների շրջանակներում մարզի մի շարք դպրոցներում ևս կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Զեկուցողն անդրադարձավ ուսուցիչների ատեստավորմանը, դպրոցականների օլիմպիադաների արդյունքներին, դպրոցներում 2017-2018 ուստարվա ընթացքում կազմակերպված միջոցառումներին: Նշվեց, որ մարզի բոլոր դպրոցներն անցել են ներառական կրթության համակարգի: 2017-2018 ուստարում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա վկայագրվել և ներառական կրթության համակարգում ընդգրկվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 375 աշակերտ՝ նախորդ տարվա 165-ի փոխարեն: Որպես խնդիր ներկայացվեց ուսուցչի թափուր տեղերի համալրման հարցը, որը փորձում են լուծել՝ համագործակցելով <<Դասավանդիր, Հայաստան>> հիմնադրամի հետ: Մարզի տարրական կրթություն իրականացնող 75 դպրոց ընդգրկված է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրում, որի նախաձեռնությամբ դպրոցների խոհանոցներում և ճաշարաններում իրականացվել են նորոգումներ, տրամադրվել է խոհանոցային սարքավորումներ: Զեկուցողը իր ելույթում կարևոր համարեց համայնքների ղեկավարների համագործակցությունը դպրոցների հետ:
   Մարզի համայնքների 2018 թվականի ութ ամիսների սեփական եկամուտների կատարողականների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանը: 2018 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 2233.4 մլն. դրամ, որը կազմում է հաշվետու ժամանակաշրջանի նախատեսվածի 97.1 %-ը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 606.5 մլն. դրամ կամ կատարվել է 90.3 %-ով: 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ սեփական եկամուտները ավել են հավաքագրվել 102.0 մլն. դրամով: Ըստ առանձին եկամտատեսակների ցածր կատարողականներ ունեցող համայնքների ղեկավարներին առաջարկվեց ամենօրյա հետևողական աշխատանքներ տանել տեղական բյուջեով նախատեսված սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը մինչև տարեվերջ 100 տոկոսի հասցնելու համար:
  Մարզի համայնքներում 2018թ. առաջին կիսամյակում իրականացված վարչական հսկողության արդյուքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍԳՀ բաժնի վարիչ Աշոտ Մարդանյանը: Նշվեց որ տվյալ ժամանակահատվածում վարչական հսկողություն է իրականացվել Աճարկուտ, Կիրանց, Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Իրականացված հսկողության արդյունքում, ըստ ոլորտների, բացահայտված թերությունների մի մասը տեղում վերացվել է: Այնուհետև զեկուցողը ներկայացրեց ժամկետներ պահանջող ընդհանրական թերությունները:
   Տավուշի մարզում 2018 թվականի ամառային զորակոչի արդյունքների և 2018 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանն էր վերաբերում մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գագիկ Մատինյանի զեկույցը: 2018 թվականի ամառային զորակոչի առաջադրանքը կատարվել է 110,5 տոկոսով: Տարածքային զինկոմիսարիատներից ,,Ես եմ,, ծրագրով զորակոչվել է 13 նորակոչիկ: Ուսումը շարունակելու նպատակով տրվել է տարկետում 33 հոգու, որից 12-ը՝ ,,Պատիվ ունեմ,, ծրագրով: Գագիկ Մատինյան անդրադարձավ նաև կցագրման գործընթացին, մարզի դպրոցներում իրականացվող ՆԶՊ ուղղությամբ իրականացվող դրական աշխատանքին:
   Օրակարգի հաջորդ հարցով մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը անդրադարձավ մարզում ՏԻՄ-երի կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում հսկողության իրականացմանը: Նշվեց, որ 1-ին կիսամյակում մարզի առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացվել է 855 ստուգում նախորդ տարվա 163-ի դիմաց: Արդյունքում արձանագրվել է 19 խախտում նախորդ տարվա 45-ի դիմաց, որի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Ներկայուս ձեռնարկվում են միջոցներ համայնքներում ոլորտի պատասխանատու մասնագետների համար կազմակերպելու վերապատրաստմասն դասընթացներ վարչական վարույթի իրականացման, տուգանքների նշանակման և գանձման թեմաներով: Զեկուցողը ներկայացրեց նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ ներկայացված 13 ծրագրերից 3-ը ավարտական փուլում են, 1-ը՝պայմանագրի կնքման, 1-ը մերժվել է, մյուսները գտնվում են գործընթացի տարբեր փուլերում: Մարզպետը խոշորացված համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց փողոցներում բացօթյա առևտրի կազմակերպումը կանխելու վրա:
   Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչ Հարություն Քոչարյանը զեկուցեց անչափահասների կողմից կատարվող իրավախախտումները կանխելու և իրավախախտումներ կատարելու համար հաշվառված անչափահասների շրջանում մարզի ոստիկանությանը կից անչափահասների գործերով խմբերի հետ տարվող համատեղ աշխատանքների մասին, որի արդյունքում 2018 թվականի ընթացքում հաշվառման մեջ գտնվողներից 3 անչափահասներ ուղղվել և վերադաստիարակվել ու հանվել են հաշվառումից: Շարունակական աշխատանքների արդյունքում ուսումից խուսափող 4 անչափահասներ վերադարձել են դպրոց:
 Հաջորդ հարցով 2018թ. Տավուշի մարզի պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը: Նշվեց, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների իրականացման համար նախատեսվել է 566.627 մլն դրամ գումար և Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ՝ մարզային նշանակության ճանապարհների համար` 111.569 մլն. դրամ գումար: Ընդհանուր առմամբ՝ 2018թ. ունեցած տվյալների համաձայն, մարզում ճանապար¬հաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազմում է 3 692,258 մլն դրամ /2017թ. ճանապարհաշինության բնագավառում կապիտալ ներդրումները կազմել է 1 260,814 մլն դրամ/: Մարզպետը համայնքների ղեկավարներին և վարչական պատասխանատուներին հանձնարարեց առավել ուշադրության կենտրոնում պահել և հսկողություն իրականացնել բնակավայրերի տարածքով անցնող ճանապարհահատվածների մաքրության, երթևեկելի հատվածի վիճակի, ջրահեռացման համակարգի կանոնավոր սպասարկման, մայթերին անվտանգության տարրերի պահպանվածության և նշագծումների կազմակերպման վրա:
 ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը ամփոփ ներկայացրեց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ու սպասարկման պետպատվերի կատարման կիսամյակային տվյալները՝ նշելով, որ այն մարզում կատարվել է 102, 5 տոկոսով: Մարզպետը վարչության պետի ուշադրությունը հրավիրեց Իջևանի ԲԿ-ում հեմոդիալիզի բաժանմունք ստեղծելու հարցի վրա:
 Օրակարգի վերջին հարցով մարզում լուծում պահանջվող աշխատանքների ընթացքը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միսակ Մելքումյանը:
  Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մեկ անգամ ևս ընդգծեց սեպտեմբերի 8-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի կարևորությունը, շեշտելով, որ ոչ մի կառույց չպետք է դուրս մնա շաբաթօրյակի գործընթացից:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56