Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավանդական խորհրդակցությունը՝ նոր ձևաչափով

28.08.2018

 Օգոստոսի 27-ին Տավուշի մարզպետարանում կայացել է ուսուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Խորհրդակցությունն ավանդական էր, սակայն ձևաչափը նորույթ էր մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի մասնակցությամբ խորհրդակցությունը, նախարարի առաջարկով, անցել է անմիջական քննարկման մեթոդով: Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրենց կողմից նախատեսվող ծրագրերն ու հանրակրթության զարգացման ընդհանուր տեսլականը:
  Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում պետք է վեր հանել մարզի կրթության ոլորտի խնդիրները և համատեղ քննարկել դրանց լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը: Նա առաջնային բարեփոխումների հետ կապված մի քանի կարևոր շեշտադրումներ է կատարել, որոնք վերաբերում էին նոր առարկայական չափորոշիչներին, դասագրքերին, դասապրոցեսի կազմակերպմանը, երեխաների ծանրաբեռնվածությանը: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ անդրադառնալու են դպրոցների տնօրենների ընտրության, տնօրենների թեկնածուների լիցենզավորման և կառավարման խորհուրդների ձևավորման կարգին, քանի որ մինչև հիմա խորհուրդները գործել են ոչ թե իրականացնելով իրենց վերապահված գործառույթները, այլ ծառայել են այսպես կոչված տեղի իշխանիկներին: Նախարարը տնօրեններին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ դպրոցները պետք է լինեն ամբողջովին ապաքաղաքականացված կառույցներ: Պետք է բացառել նաև դրամահավաքությունը, սակայան աշխատանք տանել, որպեսզի դպրոցի կյանքին մասնակցություն ունենա համայնքը՝ ի դեմս ծնողների, տվյալ դպրոցի շրջանավարտների, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն: Անդրադառնալով ներառական կրթության խնդիրներին, նախարարը ընդգծել է, որ հատկապես այստեղ համայնքը պետք է ունենա ակտիվ մասնակցություն, քանի որ նաև համայնքի գործն է ապահովել իրենց բնակչի ուսում ստանալու իրավունքը:
 -Միայն համընդհնուր ներառման դեպքում մենք կունենանք շատ ավելի զարգացած, շատ ավելի հանդուրժող և համերաշխ հասարակություն,-նշել է նախարարը և հավաստիացրել, որ այս առումով ցանկացած աջակցություն նախարարությունը պատրաստ է ցուցաբերել դպրոցներին:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև միասնական քննություններին, որոնք միտված կլինեն դպրոցների ընդհանուր մակարդակի բարձրացմանը և հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգի ներդրմանը:
 Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին: Դրանց մի մասը վերաբերել է համընդհանուր խնդիրներին, մյուս մասը առավել բնորոշ է եղել հենց Տավուշի մարզին: Տնօրենները տեղեկացվել են, որ վերանայվում է դպրոցների ֆինանսավորման բանաձևը, ըստ որի աշակերտների թվից բացի կիրառվելու է նաև գործակից ըստ դասարանների թվի:
 Պատասխանելով տնօրեններին հուզող բազմաթիվ հարցերին, նախարար Արայիկ Հարությունյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ նախարարությունն ու մարզպետարանը միայն աջակցողներ են, որոշումներ կայացնողը պետք է լինի դպրոցը, ինչի համար պետք է տիրապետել սահմանված լիազորություններին և լինել վճռական:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27