Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի նորամուտի հանդիսավոր արարողություն
24.08.2018
Այսօր տեղի ունեցավ ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Նոյեմբերյանի Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի հիմնանորոգված շենքի նորամուտի հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին Տավուշի մարզպետը, ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումն սկսվեց տնօրհնեքի կարգով, որը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Տեղեկացնենք, որ շենքը հիմնանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Հարյուրամյա պատմություն ունեցող շենքում, որը տրամադրել է համայնքն անհատույց օգտագործման իրավունքով, կազմակերպությունը գործունեություն է ծավալում արդեն 13 տարի: Այդ տարիների ընթացքում կենտրոնում երեխաների իրավունքների իրացմանն ու սոցիալական ներառմանն ուղղված կրթական, սոցիալ-հոգեբանական և մշակութային տարաբնույթ ծառայություններ են տրամադրվել տարածաշրջանի հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ավելի քան 800 երեխայի ու նրանց ընտանիքների: Կենտրոնի աշխատանքի արդյունքում այսօր բոլոր երեխաներն ապրում են իրենց ընտանիքներում, հաճախում իրենց համայնքի դպրոց, բոլորի նման մասնակցում համայնքի կյանքին: Նրանցից շատերն այսօր կրթություն ստացած և կայացած արժանապատիվ երիտասարդներ են: Նորամուտի կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը՝ կարևորելով կենտրոնի գործունեությունը հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գործընթացում: Օրվա առթիվ շնորհավորեցին նաև Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյնը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը և ուրիշներ: