Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանում
23.08.2018
Օգոստոսի 22-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը քաղաքացիների ընդունելություն է կատարել Նոյեմբերյանի համայնքապետարանում: Ընդունելությանը մասնակցել են 37 քաղաքացիներ Նոյեմբերյանից, Կողբից, Հաղթանակից, Բերդավանից, Բարեկամավանից, Լճկաձորից, Բաղանիսից, Ոսկեվանից, Այրումից, Բագրատաշենից, Պտղավանից, Ջուջևանից և Կոթիից: Դրամական աջակցության խնդրանքով մարզպետին դիմած 16 քաղաքացիներին էլ տրվել է դրական պատասխան: Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմած 6 քաղաքացիներին ասվել է, որ ներկայացնեն իրենց կենսագրականները՝ հնարավորության դեպքում աշխատանքի վերցնելու համար: Առողջական հարցերով դիմել էր 4 քաղաքացի, 4 քաղաքացու դիմում էլ ընտանեկան նպաստի վերականգնման հարցով էր, որի վերաբերյալ մարզպետը հանձնարարել է վերանայել և աջակցել: Բարեկամավանի մի բնակիչ մարզպետին էր դիմել կարկուտից տուժած տան և հարակից կառույցների տանիքի վերանորոգման հարցում աջակցելու խնդրանքով: Հանձնարարվել է խնդիրն ուսումնասիրել և քաղաքացուն ֆինանսական աջակցություն տրամադրել: Մնացած դիմումները եղել են բնակարանի շինարարությանն աջակցելու, հողի, ճանապարհի և այլ բնույթի հարցերով, որոնց լուծման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ են տրվել մարզպետարանի պատասխանատուներին: