Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են արտադրամասի շահագործման հետ կապված հարցեր
22.08.2018
Այսօր Նոյեմբերյանի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև <<Միրգ>> ՍՊԸ-ի պահածոների արտադրամաս, որը հիմնվել է Այրում համայնքում <<Օքսֆամ>> միջազգային բարեգործական կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման շրջանակներում: Ինչպես օրերս Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՍՊԸ-ի տնօրեն Ռուսլան Անտոնյանը, այստեղ կատարվել է 100 մլն. դրամի ներդրում: Արտադրամասը մեկ տարի աշխատել է, արտադրանք տվել, սակայն չի կարողացել իրացում ապահովել և տարերային վաճառքով կրկնակի վնաս է կրել: Դրանից հետո ընկերությունը դժվարացել է շարունակել աշխատանքը: ՍՊԸ-ի տնօրեն Ռուսլան Անտոնյանը հայտնել է, որ արտադրամասի լրիվ հզորությամբ գործարկման համար անհրաժեշտ են որոշակի ֆինանսական աջակցություն, աշխատանքային կապիտալ, մարքեթինգ, վաճառքներ և արտահանում: Այս հարցերի և արտադրամասի հետագա շահագործման հնարավորությունների շուրջ էլ մարզպետը քննարկում է անցկացրել պահածոների արտադրամասում, որին մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, համայնքի ղեկավարը, ՍՊԸ-ի տնօրենը, <<Օքսֆամ>>-ի ներկայացուցիչը, կանադահայ գործարար Վահրամ Վահրամյանը: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ քննարկումն անցկացնել արդեն բանակցային սեղանի շուրջ: