Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն
21.08.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16757_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողաշինության ոլորտների պատասխանատուների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Ստորաբաժանումների պատասխանատուները մարզպետին ներկայացրին ընթացիկ աշխատանքները, ստացան համապատասխան հանձնարարականներ: Գյուղատնտեսության վարչության պետը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները: Հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտին է մոտենում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շուրջ 350 հեկտարը դեռևս մնում է հնձելու: Անասունների հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզպետը հանձնարարեց ավելի սերտ համագործակցել անասնաբուժական ծառայությունների հետ, համայնքներում բարձրացնել բնակչության իրազեկման մակարդակը, որպեսզի կարողանան ավելի արագ արձագանքել համաճարակների դեպքում: Քաղաքաշինության պատասխանատուն ներկայացրեց Գոշ գյուղի ճանապարհի և խմելու ջրի խնդիրը: Հանձնարարվեց ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ և ներկայացնել: Խորհրդակցության ընթացքում մարզպետը անդրադարձավ նաև սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին՝ նշելով, որ այն իր ներգրավվածությամբ ու մակարդակով պետք է աննախադեպ լինի: