Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքի տոնավաճառ և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք մարզկենտրոն Իջևանում
18.08.2018
Նպատակ ունենալով անմիջական կապ հաստատել Տավուշի մարզի գործատուների և մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների միջև, ինչպես նաև սպառողներին ներկայացնել տեղական արտադրության արտադրանքը, այսօր մարզկենտրոն Իջևանում կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ, որն իրականացվում է ,,Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում,, ծրագրի շրջանակներում և համաֆինանսավորվում Եվրոպական միության ու ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացնում է ,,Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Ողջույնի իր խոսքում հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ազիբեկյանը շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետարանին, գործընկեր մյուս կազմակերպություններին տոնավաճառի կայացմանն աջակցելու համար, նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տոնավաճառով և առաջարկեց գնումներ կատարել ու աջակցել տեղական արտադրողին: Միջոցառումն ուղեկցվում էր գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքով: Տոնավաճառի մասնակից շուրջ 50 գործատուներ առանձին տաղավարներով ներկայացել էին ինչպես թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններով, այնպես էլ սեփական արտադրության ապրանքատեսակներով՝ պահածոներ, գինիներ, հրուշակեղեն, մեղր, կաթնամթերքներ, կիրառական արվեստի փայտյա, ապակյա և քարե նմուշներ, ավանդական գաթաների տեսականի և մեծ թվով այլ անակնկալներով:
Միջոցառման մասնակիցներին դիմավորում էին ազգային պարերով: