Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ
16.08.2018
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի թիմը հրավիրում է մասնակցելու Իջևանում կայանալիք աշխատանքի տոնավաճառին, որի բացումը տեղի կունենա օգոստոսի 18-ին, ժամը 11:00-ին, Իջևանի «Քանդակների այգում» (հասցե՝ Վալանսի փողոց, ք. Իջևան):
Միջոցառումը ուղեկցվելու է գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքով: Տոնավաճառի մասնակից 50 գործատուներ ներկայացված կլինեն թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններով և սեփական արտադրության ապրանքատեսակներով, այդ թվում՝ մսամթերք, կաթնամթերք, չրեր, պահածոներ, հյութեր և այլ խմիչքներ, ձեռագործ աշխատանքներ և այլն:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի անմիջական կապ հաստատել Տավուշի մարզի գործատուների և մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների միջև, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա սպառողներին ներկայացնել տեղական արտադրության գյուղմթերք և այլ արտադրանք:
Տոնավաճառը և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից:
«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի գործողություններն ուղղված են Տավուշի մարզի համայնքների միջև առավել հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանը և աղքատության կրճատմանը մարզում՝ տեղի բնակչության համար նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Այս նախաձեռնությունն աջակցում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, տեղի ֆերմերային տնտեսությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության աճին, ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ ներդրումների և գյուղարտադրանքի իրացման բնագավառներում: