Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացման խնդրին
10.08.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16637_s.jpg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում անդրադարձել է համայնքների խոշորացմանը: Նիկոլ Փաշինյանն ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ համայնքների խոշորացման հետ կապված՝ կառավարությունն ունի հետևյալ դիրքորոշումը:
«Մենք հիմա այս փուլում ունենք բազմաթիվ խոշորացված համայնքներ, ոչ ոք մեր հետևից չի ընկել, եթե նույնիսկ ընկել է, ապա մենք չենք փախչում: Նախ՝ մենք պետք է տեսնենք, թե համայնքների խոշորացման արդյունքներն ինչպիսին են: Մենք ասելով՝ նկատի ունեմ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, բնակչությունը: Ընդհանրապես լավ պրակտիկա չէ, երբ կառավարությունն առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու, ապացուցելու է ինչ-որ բան անում: Մենք կարող ենք համոզված լինել ինչ-որ հարցում, այդ դեպքում պետք է օգնել, որ բնակիչներն էլ համոզվեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ այս փուլում միջազգային կառույցների հետ պետք է աշխատել խոշորացված համայնքներում, ցույց տալ իրական արդյունքներ, այլ համայնքներին էլ հրավիրել դրանք տեսնելու, որպեսզի հասկանան, թե այդ փոփոխություններն ինչ են ենթադրում:
«Մենք ժողովրդավարական ճանապարհով պետք է գնանք, մարդկանց հետ խոսենք, փաստարկներ ներկայացնենք: Այո, կան ազդակներ, որ խոշորացումը կարող է ստացվել, սակայն դրանք իրենց երկարատևությունը դեռ չեն ապացուցել»,-ասաց վարչապետը:
Նյութի աղբյուրը՝ Արմենպրեսս