Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային այցը Նոյեմբերյանի տարածաշրջան
07.08.2018
Օգոստոսի 6-ին ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հերթական աշխատանքային այցով եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Հանդիպումները սկսվել են Ոսկեպարից, շարունակվել են Նոյեմբերյանում, Կողբում, Այրումում և Զորականում: Բոլոր համայնքներում մարզպետը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, ակտիվ բնակիչների հետ: Վեր են հանվել տեղերում առաջնահերթ լուծում պահանջող, բնակչությանն առավել շատ հետքրքրող խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծման տարբերակները: Զորական համայնք մարզպետ Վահե Ղալումյանն այս անգամ մեկնել էր նաև բնակիչների բարձրացրած հարցի հետքերով: Արդյունքում լուծվել է օրեր շարունակ Զորականում բացակայող ջրի մատակարարման հարցը: Մարզպետը բոլոր համայնքներում տեղեկացրել է, որ մշտապես հասանելի է լինելու, և ցանկացած պահի բնակիչները կարող են դիմել առկա խնդիրներով: Նոյեմբերյանի տարածաշրջանում մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է նաև բժշկական կենտրոն, ծանոթացել հաստատության գործունեությանը, հատկապես հետաքրքրվել է հեմոդիալիզի բաժանմունքի աշխատանքներով, որը սպսարկում է ամբողջ Տավուշի մարզին, հաճախակի նաև ՝ հարևան մարզերին:
Օրվա ավարտին մարզպետ Վահե Ղալումյանն այցելել է Նոյեմբերյանի մարզադպրոց, որտեղ զրուցել է տնօրեն Սեյրան Մամյանի և մարզիչների հետ: Նրանք ներկայացրել են, որ դահլիճը բավականին մեծ հնարավորություններ ունի, մեկ տարի առաջ է հիմնովին վերանորոգվել, և երեխաները մեծ սիրով են հաճախում պարապմունքների: Գործում են հունահռոմեական ըմբշամարտի, ֆուտբոլի, հանդբոլի, բասկետբոլի խմբակներ, որոնցից առաջին երկուսը Ոսկեվան և Բերդավան բնակավայրերում: Դահլիճը ծառայում է համայնքին նաև զանազան մարզական այլ միջոցառումներ կազմակերպելու համար: