Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին միջոցառման կազմակերպմանն առնչվող հարցեր
31.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16498_s.jpg)
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2018 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել Տավուշի մարզի Իջևան քաղաքը: Այդ կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համատեղ, Տավուշի մարզպետարանի աջակցությամբ, օգոստոսի 12-ին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներ է նախատեսել կազմակերպել Իջևանում:
Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին միջոցառման կազմակերպմանն առնչվող հարցեր: Քննարկմանը ներկա էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը: Փոխնախարար Քրիստինե Ասատրյանը մանրամասն ներկայացրեց օգոստոսի 12-ին անցկացվելիք միջոցառման ծրագիրը, նշեց, որ օրը ոչ միայն հագեցած է լինելու բազմաբնույթ միջոցառումներով, այլև բավականին բազմամարդ ու ներկայացուցչական է լինելու. նախատեսվում է թե մարզի և թե Երևանից ժամանած երիտասարդների, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցություն: Օրվա ընթացքում Տավուշի մարզպետարանում տեղի է ունենալու նաև «Երիտասարդական հնարավորություններ» խորագիրը կրող կոնֆերանս, որի նպատակն է Տավուշի մարզի երիտասարդներին ներկայացնել միջազգային և տեղական կրթական, փորձառության, աշխատանքի և այլ երիտասարդական հնարավորությունները: Մարզպետարանի պատասխանատուներն իրենց նկատառումները ներկայացրին քննարկվող հարցի վերաբերյալ ու նաև պատրաստակամությունը՝ աջակցելու միջոցառման կայացմանը: