Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են ճանապարհների սպասարկման խնդիրները
26.07.2018
![](http://tavush.mtad.am/files/n_pics/16447_s.jpg)
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ճանապարհաշինական կազմակերպությունների և պետավտոտեսչության ներկայացուցիչները: Քննարկվել են ճանապարհների սպասարկման որակի բարելավման հետ կապված հարցեր: Մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ այսուհետ խիստ ուշադիր ենք լինելու այն պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին, որոնք ստանձնել են ճանապարհաշինական կազմակերպությունները: Հատուկ այդ նպատակով ժամանակ առ ժամանակ մասնագիտական խմբի, հանձնաժողովի շրջայց է կազմակերպվելու: Նշվել է, որ խիստ համագործակցություն պետք է լինի պետավտոտեսչության հետ, քանի որ նրանց աշխատակիցները միշտ ճանապարհներին են և առաջինն են նկատում առկա խնդիրները: Պետավտոտեսչությանը նաև հորդորել է, որպեսզի ճանապարհատրանսպորտային վթարների ժամանակ ճանապարհային կողնակների վնասման փաստերը նույնպես պատշաճ ձևով ձևակերպվեն և համապատասխան կառույցներին ներկայացվեն, քանի որ սպասարկող կազմակերպությունները միայն այդ նպատակով գումարի հատկացման դեպքում կարող են վերականգնել դրանք: Մարզպետը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև միջպետական ճանապարհների այն հատվածների աղբահանության, սպասարկման խնդիրների վրա, որոնք անցնում են որևէ համայնքի տարածքով: Սովորաբար համայնքապետարանը կարծում է, որ գործը պիտի կատարի սպասարկող կազմակերպությունը, իսկ վերջինս էլ կարծում է, թե դա համայնքի խնդիրն է, և հարցը մնում է չլուծված:
Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն է լսվել նաև Կիրանց-Ոսկեպար ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքի մասին :