Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հանդիպել է Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա կազմակերպողներին
23.07.2018
ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, հուլիսի 21-ին Բագրատաշենի մաքսատանն անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցել է նաև ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը: Նախորդ օրը Տավուշի մարզի մի խումբ քաղաքացիներ՝ հիմնականում Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների բնակիչներ, Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա Էին իրականացրել՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը: Դժգոհությունը կապված է եղել ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: Բնակիչներից մեկը փորձել է 2-ից ավել ձմերուկ ներկրել, սակայն մաքսակետում թույլ չեն տվել: Խորհրդակցությանը ներկա են եղել հարակից համայնքների ղեկավարները և բողոքի ակցիա կազմակերպած բնակիչները: Համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, վերոհիշյալ՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի: Սա, իհարկե, վերաբերում է ֆիզիկական անձանց:
Քաղաքացիները դժգոհել են, որ սահմանաված 5 կգ-ը շատ քիչ քանակություն է և շեմը պետք է բարձրացնել մինչև 50 կգ: Մարզպետ Վահե Ղալումյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը բացատրել են, որ այս պահին գործող օրենքը դա է, և մաքսակետում առաջնորդվում են այդ օրենքով: Որպեսզի կատարվի բնակիչների պահանջը, օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, իսկ դա մեկ օրվա հարց չէ: Բնակիչներին հավաստիացրել են, որ նրանց առաջարկը կներկայացվի համապատասխան կառույցներում, կքննարկվի և ամբողջ գործընթացի վերաբերյալ նրանք կիրազեկվեն: